Փաշինյան. Կանդրադառնամ իմ տված բոլոր խոստումներին և դրանց կատարման ընթացքին
#sutNikol նախաձեռնության ակցիաներից հետո այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ու նշել, որ առաջիկայում կանդրադառնա իր տված խոստումներին և դրանց կատարման ընթացքին:
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երևում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա:
Ընդգծեմ, որ խոստումը կատարված է և ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով:
Բացի այս՝ պարգևատրումների նոր համակարգով հիմա ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում: Սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում՝ իրենց անձնական ջանքերի շնորհիվ:
Հիշեցնեմ, որ մինչեւ 30 տոկոսով բարձրացել է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է նախորդ տարվա հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում, այս տարի հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 հազար նպաստառու եւ թոշակառուի թոշակները եւ նպաստներն են բարձրացել:
Պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է 4 տոկոսով, գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է:
Առաջիկայում (նաև հետագայում) կանդրադառնամ իմ տված բոլոր խոստումներին և դրանց կատարման ընթացքին»։
Հիշեցնենք, հրավիրած ասուլիսում #sutNikol նախաձեռնության անդամները մասնավորապես հայտարարեցին.
«Ուրեմն Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով և կեղծիքով։ Իր քաղաքական հայտարարությունների 90 տոկոսը նա հիմա սկսել է հերքել, մերժել, սկսել է անել իր ասածների հակառակը իշխանության հենց առաջին ամիսներին»։
Հարակից հրապարակումներ`
- Տեր-Նակալյան. Փաշինյանը կատարել է իր խոստումներից մեկ ու կեսը
- #sutNikol նախաձեռնություն. Սա դեռ սկիզբն է
- #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են աձակվել
- #SutNikol ակցիայի Ն. Սամսոնյանը, Ա. Դանիելյանը և Կ. Տեր-Նակալյանը տարվել են ոստիկանություն