Պլանավորում ենք առնվազն 40 մլրդ դրամով գերակատարել բյուջեի եկամուտները. Փաշինյան
2019 թ-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամտային մասը 11,4 մլրդ դրամով գերակատարվել է: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։
Պատգամավորն ասաց, թե տարիներ շարունակ խոսել են մսխումների մասին, որ բյուջեի մինչև 30%-ը թալանվել է, հիմա, ըստ նրա, չկա կոռուպցիա, ուստի հետաքրքիր է իմանալ, թե այդ վերականգնվող միջոցները ի՞նչ արտահայտություն են ստանում բյուջեում։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գերակատարումը նշանակում է, որ ստվերը կրճատվել է. «Մենք պլանավորում ենք առնվազն 40 մլրդ դրամով գերակատարել բյուջեի եկամուտները»։
Վարչապետը հիշեցրեց, որ մի քանի մասշտաբային քրգործեր են հարուցված, սակայն դրանցից մի մասի մեղադրյալները հետախուզման մեջ են և չեն ներկայացել քննությանը։
Նա նաև ասաց, որ 40 մլրդ դրամ հավելյալ հավաքագրումներով պլանավորում են հուլիսի 1-ից բարձրացնել զինվորականների, սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը, 7 մլրդ հավելյալ միջոց կտրամադրեն ճանապարհների շինարարությանը, 10 մլրդ դրամ կհատկացնեն ՏԻՄ-երի սուբվենցիոն ծրագրերին։ Բացի այդ, ևս մեկ-երկու ծրագիր կիրականացնեն։
«Եթե Դուք հարցնեք՝ արդյոք գոհ եմ այդ ծավալներից, կասեմ՝ ո´չ, ես գոհ չեմ այդ ծավալներից։ Մի քանի անգամ ասել եմ՝ հույս ունեմ, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը և գումարների վերադարձի պրոցեսն ավելի կակտիվանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ուրբաթ օրը պատրաստվում է ընդարձակ խորհրդակցություն անցկացնել այդ թեմայով։
Վարչապետ նաև հայտնեց, որ քննարկում են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմը. «Սա այն դեպքերից է, որ ես ակնհայտորեն տեսնում եմ պետական կառավարման մարմինների որոշակի դիմադրություն միջին օղակներում, պետք է շատ արագ հասկանամ՝ դիմադրության պատճառը որն է, դա բովանդակային է, թե հին կապերի ու ազդեցությունների բերումով է։ Հարցի պատասխանը ստանալուց հետո ավելի կոնկրետ միջոցներ կձեռնարկենք»։
Արման Բաբաջանյանը հարցրեց, թե կարելի՞ է ենթադրել, որ նոր մարդիկ ևս կներգրավեն տարբեր քրգործերով, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պետք չէ ընկնենք նման խնդիրների հետևից, և ինչպես Վիշինսկու հայտնի ձևակերպման մեջ է՝ «Был бы человек, а статья найдётся»։ Նկատի ունեմ, որ քրեական գործերի թիրախը ոչ թե մարդիկ են, այլ պետությանը հասցված վնասը։ Կան քրգործեր, որոնց քննություն արդեն տևում է 7-8 ամիս, բայց այնքան մեծ մասշտաբի են, որ դեռ կշարունակվի։ Ես խնդիր չեմ տեսնում, քայլ առ քայլ այդ բոլոր հարցերը կլուծենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան