Ի՞նչ է փոխվել Ձեզ մոտ. ԼՀԿ պատգամավորը՝ Զեյնալյանին
Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարարին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ նշելով. «Ձեր ընդդիմադիր պատգամավորական գործունեության ընթացքում սկզբունքորեն հետևում և քննադատում էիք իշխանությանը, երբ նրանք կարևոր որոշումները և նախագծերը հապճեպ էին բերում ԱԺ: Հիմա մենք ունենք կառավարության կառուցվածքի պես կարևոր և լուրջ նախագիծ, որը արտահերթ նիստում համապատասխան հանձնաժողովում քննարկվեց շատ կարճ՝ պատճառաբանվելով, որ ժամը 4-ին լինելու է խորհրդի նիստ»:
Պատգամավորի խոսքով՝ իրենց խմբակցության ներկայացրած առաջարկները չքննարկվեցին: «Դուք լսեցիք պարոն Մարուքյանի զեկույցն ու ասացիք, որ մերժելի է, այնինչ կար համապատասխան ընթացակարգ, թե ինչպես պետք է քննարկվի, բացի այդ, E-draft-ում կային առաջարկներ արտախորհրդարանական ուժերի կողմից, որոնց կրկին որևէ կերպ անդրադարձ չի կատարվել հանձնաժողովի նիստում»։
Գորգիսյանը Զեյնալյանին խնդրեց մեկնաբանել այս ամենը և ասել ի՞նչ է փոխվել նրա մոտ, որ սկսել է այս կերպ վերաբերվել ԱԺ-ին։
«Իմ սկզբունքայնության վերաբերյալ Ձեր հարցադրումը բացարձակ այսօրվա օրակարգի հետ առնչություն չունի: Դա քաղաքական փոքրամասնության հնարքներից է, որ Դուք բանեցնում եք: E-draft էլեկտրոնային հարթակում արված բոլոր առաջարկությունները կառավարությունում քննարկվել են և «ԱԺ կանոնակարգ» օրենքով նախատեսված չէ E-draft էլեկտրոնային կայքում տեղակայված առաջարկությունները ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովում քննարկելը»,- պատասխանեց Զեյնալյանը։
Նույն խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ նկատեց, որ չափազանց կարևոր է, որ կառավարության կառուցվածքում լինի գյուղատնտեսության և մշակույթի նախարարություններ։
«Գյուղատնտեսությունն այն պատճառով, որ կառավարությունն այն սահմանել է որպես տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը, մշակույթը՝ որպես հայ ինքնության հենասյուներից մեկը»,- պարզաբանեց պատգամավորը։
Տնտեսական բլոկի որոշ հարցերի անդրադառնալով՝ Խաչատրյանն ասաց. « Արդյունաբերության զարգացման և մրցունակության բարձրացումը էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության ոլորտն է, տեխնոլոգիաների զարգացումը և ռազմաարդյունաբերությունը՝ մյուս նախարարության, ուզում եմ հասկանալ հնարավոր չէ երկրում մրցունակություն բարձրացնել և արդյունաբերություն զարգացնել առանց տեխնոլոգիական վերազինման։ Ո՞վ է պատասխանատու տեխնոլոգիական վերազինման քաղաքականության համար, նախագիծը նայեցի ու դրա պատասխանը չգտա»։
Ի պատասխան Զեյնալյանն ասաց, որ երկրում իրականացվող քաղաքականության համար համապարփակ կերպով պատասխանատու է կառավարությունը. «Չկա որևէ ոլորտ, որը դուրս մնացած լինի կառավարության պատասխանատվությունից»։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության և մշակույթի նախարարություններին, նախարարը նշեց. «Չկա որևէ երկիր որտեղ նախարարությունների ցանկը և կառավարության կառուցվածքը կրկնի մյուսին, բացակայում է այդպիսի երկիր, ամենուրեք իրականացվում է պետական կառավարում։ Քաղաքականությունը, որն իրականացվել է գյուղատնտեսության ոլորտում, շարունակվելու է իրականացվել, այն իրականացվելու է էկոնոմիկայի նախարարության միջոցով։ Լինելու են ոլորտների համար պատասխանատու տեղակալներ։ Եվ մշակույթի, և գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն իրականացվելու է այնպես, ինչպես որ իրականացվել է։ Նախարարությունների ցանկի ու կառուցվածքի ունիվերսալ բանաձև այս պահին չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞րն է պատճառը, որ վարչապետը խոստումը չի կատարում. Մարուքյան
- Դե եկեք երեք նախարարություն թողնենք՝ ծախսերի, ձեռքբերումների, մյուսն էլ՝ «դուխով առաջ գնալու». Գևորգ Պետրոսյան
- Հրապարակվել են 12 նախարարությունների անվանումները