«Երկիր Ծիրանի» . «Մերժիր սատանայի բանաձևը» արդիական է և պահանջված
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն ահազանգում է՝ ոստիկանությունում ՔԿՀ-ներում շարունակվում են մարդկանց խոշտանգել։ Տարածած հայտարարությամբ կուսակցությունը հիշեցնում է՝ հունվարի 26-ին ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող 51-ամյա Մհեր Եղիազարյանը, ով հացադուլ էր հայտարարել իր նկատմաբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու համար մահացել է:
«Երևանի ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել 36-ամյա Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որը ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այնտեղից՝ «Արմենիա» ԲԿ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:
«Եվ ոստիկանությունը, և քրեակատարողական հիմնարկը հանդիսանալով պետության օրինական հարկադրանք կիրառող մարմիններ չնայած նրան, որ գործում են մեր պետական խորհրդանիշների` զինանշանի և եռագույն դրոշի ներքո, որոնք փակցված են պատշաճ կարգով և տեղում, իրենց բնույթով և գործելաոճով վերը նշված երկու դեպքերում էլ չեն գործել պետության կողմից օրինական հարկադրանք կիրարող մարմինների առաքելությանը համապատասխան:
Գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաի` ի դեմս Նիկոլ Փաշինյանի անբարտավան վարքագծի և անօրինական գործողությունների, ինքնաբերաբար իրենց կիրառական նշանակությունն են ունենում պետական կառավարման ստորին օղակներում:
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային, կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։ Այս հանրահայտ պարտավորությունը ստանձնել է Հայաստանը: Մինչդեռ «մերժված» Սերժ Սարգսյանի ոստիկաններ` Վալերի Օսիպյանը և Հունան Պողոսյանը, ովքեր հայտնի են որպես մարդուն խոշտանգող և մարդու արժանապատվությունը նվաստացնող այսօր պահանջված են «թավշյա» Նիկոլ Փաշինյանի կողմից: Դեռ ավելին «թավշյա» Նիկոլ Փաշինյանը «մերժված» Սերժ Սարգսյանի նման իր բուն աշխատանքային պարտականությունները թողած երեկ` 2019 թվականի ապրիլի է 16-ին կրկնում էր` ոստիկաններին մեդալներ և պարգևներ բաժանելու ավտորիտար տգեղ երևույթը:
Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, տոնայնությունը, ձայնի ելևէջը, նրա կողմից պարբերաբար գավառական բառեր օգտագործելը և մարդկանց հետ շփվելիս նրանց արժանապատվությունը նվաստացնելը տհաճ են և միևնույն ժամանակ ահազանգող:
«Մերժված» Սերժ Սարգսյանի և «թավշյա» Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքը կրկնում են ոստիկանության և քրեակատարողական հիմնարկներում մարդկանց նկատմաբ խոշտանգումները, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքը և պատիժը:
2018 թվականի ապրիլյան նախաձեռնությունը` «մերժիր Սերժին» կեղծ օրակարգով ըստ էության վերակենդանացրեց Սերժին: Նա փոխարինվեց «թավշյա ժամանակավոր Նիկոլով»:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը 2017 թվականից նախաձեռնել էր ազգային ընվզման գործընթաց` «Մերժիր սատանայի բանաձևը» կարգախոսի ներքո, նպատակ ունենալով մերժել ավտորիտար համակարգը: Ազգային ընդվզման գործընթացը ավտորիտար համակարգի վերացման օրակարգով այսօր առավել արդիական է և պահանջված: Անհրաժեշտ է հրատապ մերժել ավտորիտար համակարգը, և թույլ չտալ նորից կրկնել կեղծ օրակարգի իրագործումը` նոր ածականով և անվամբ ծաղրածու խամաճիկի ի հայտ գալը»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։