Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետի գործն ուղարկվել է դատարան
Ավարտվել է Լոռու մարզպետարանի Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետի կողմից շահառու անձանց ընտանիքին հասանելիք նպաստը ստանալու, դրա վճարումը շարունակելու, նպաստառուների ցուցակից դուրս չթողնելու համար նրանից ապօրինի վարձատրություն պահանջելու և նույն գործակալության աշխատակցի միջոցով ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:
Դատախազությունից հայտնում են՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նշված մասնագետը ապահովել է ուղիղ կապ գործակալության պետի և քաղաքացու միջև և վերջինիս կողմից անձամբ ու որպես միջնորդ հանդես եկած նրա մոր՝ Ե. Ղ.-ի միջոցով, 2015-2017թթ. գործակալության շենքում մաս-մաս ստացած ապօրինի վարձատրության գումարը փոխանցել է Ա.Գ.-ին՝ այդ կերպ օժանդակելով վերջինիս ապօրինի վարձատրություն ստանալուն:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ գործակալության նախկին պետը սոցիալական աջակցության նպաստի շահառու ևս մեկ անձից, նույնպիսի նպատակներով, պահանջել է ապօրինի վարձատրություն` տարվա մեկ ամսվա նպաստի գումարը՝ 37.500 ՀՀ դրամ, որը 2011-2016 թվականների ընթացքում` երկու ամիսը մեկ, անձամբ ստացել է իր աշխատասենյակում:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետ Ա. Գ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.105.545 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալու համար, իսկ Ա. Թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-3111 հոդվածի 1-ին մասով՝ Ա. Գ.-ի կողմից 116.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալուն օժանդակելու համար:
Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Ա.Թ.-ի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է:
Առաջադրված մեղադրանքներում ինչպես գործակալության նախկին պետը, այնպես էլ մասնագետն իրենց լիովին մեղավոր են ճանաչել: Ա. Գ.-ի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ է մուծվել 1.105.545 ՀՀ դրամ գումարը՝ որպես վնասի հատուցում:
Գործակալության մասնագետ Ա.Թ.-ի նկատմամբ որոշում է կայացվել համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ գործակալության նախկին պետ Ա. Գ.-ի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն:
Քրեական նշված գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ միասին ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան