Կարեն Դեմիրճյան. Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել
«Հոգևոր, մարմնավոր, մտավոր արատներից ազատ մարդ էր, ասել է թե ՝ ազատ էր թաքուն կամ բաց ճիգից իր որևէ արատը սքողելու.. Տասնամյակների իշխանությունը և տարիքը ի զորու չեղան այդ եզակի կառույցը խարխլել - իշխանությունը՝ կեցվածքի ամբարտավանությամբ, տարիքը՝ տարեցի վեհերոտությամբ, իր բաժին աշխարհի վերջի անթոթափելի երկյուղով և սրանից արտածվող ագահությամբ ու չարացածությամբ, որ ծերերի բերանը անեծքով է լցնում: Դեմիրճյանը մեծանում էր, բայց չէր ծերանում...»,- Հայաստանի Ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանին այդպես է նկարագրել արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:
Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է, նա կդառնար 87 տարեկան:
Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» անվանումով գիրքում նկարագրված է բացառիկ մարդու՝ Կարեն Սերոբիչի լույս աշխարհ գալը․
«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս: Ծննդաբերությունը ծանր էր անցել: Երեխան ծնվել էր թեև խոշոր, սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի: Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային, չօգնեցին և, կորցնելով հույսերը, երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու, իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով: Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային, որպես մեռելածին, դուրս տարավ: Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում: Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը: Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու: 1932 թ. ապրիլի 17-ն էր: Հրաշքով փրկված նորածինը՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ ծննդաբերողը՝ նրա մայրը՝ Լյուսյա Դեմիրճյանը»։
Ժողովուրդը նրան «Շինարար Կարեն» էր ասում։ Շինարար էր իրեն վստահված երկրի բոլոր բնագավառներում` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, ճանապարհաշինություն, մշակույթ, արվեստ, տեղյակ էր Հայաստանի քաղաքների, գյուղերի բոլոր հոգսերին, անցուդարձին, և այդ հոգսը իրենն էր, փնտրում ու գտնում էր լուծման ճանապարհներ։
Կարեն Դեմիրճյանն ասել է. «Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք ունենք, որի գիտությունը գիտություն է, մշակույթը` մշակույթ: Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել...»։
Կարեն Դեմիրճյանը ծնվել է Երևանում։ 1949թ-ին ավարտել է Երևանի 26 Կոմիսարների անվան արական դպրոցը և նույն տարի ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1954 թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն: Կ. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը: Դեմիրճյանը եղել է կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1974- 1988 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար:
1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս է հռչակվում: Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից` Կ. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները: ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը` մայիս 1988 թ.:
Երկրում տիրող ծանր իրավիճակը պատճառ է հանդիսանում, որ Կ.Դեմիրճյանը վերադառնա քաղաքական ակտիվ գործունեության: 1998 թ. նա առաջադրվում է որպես Հանրապետության նախագահի թեկնածու: 1999 թ. մայիսին Կարեն Դեմիրճյանն ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ: Հանրապետության զարգացմանը նա կարողացնում է համակարգված բնույթ տալ` հստակեցվում են զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի` մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները: Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջն է համախմբում Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ լինում երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը:
Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ են դառնում: Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան:
Վրացի քաղաքական և պետական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Կարեն Դեմիրճյանի մասին գրել է. «Կան մարդիկ, որոնց կյանքը որքան էլ դաժանորեն և անժամանակ ընդհատվելիս լինի, դարձյալ կենդանի են մնում ապրողների, ժովովրդի հիշողության մեջ: Եվ որքան անարդար, ահավոր ու անհեթեթ է թվում մեզ ճակատագրի կամքը, այնքան ավելի այդ հիշատակն անջինջ է ու թանկ: Այդ դեպքում մեր գիտակցությունը մշտապես ավելի արդարացի ու վեր է քմահաճ բախտից: Ես հենց այդպիսի մարդկանց կարգին եմ դասում նաև իմ պանծալի ընկերոջը՝ Կարեն Դեմիրճյանին, որին համարում եմ մեկն այն մտերիմ մարդկանցից, որոնց, ցավոք, վիճակվել է կորցնել...»։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանն էլ գրել է. «Կարեն Դեմիրճյանին ես հոգով, սրտով ու մտքով ընդունում եմ իբրև խոշոր երևույթ: Նա ականավոր դեմք էր՝ իմաստուն փորձառու մարդ, որ, շնորհիվ իր պրոֆեսիոնալ և մարդկային բարեմասնությունների, իշխանության եղավ երկու կատարելապես տարբեր հասարակարգերում: Եվ երկու դեպքում էլ, օժտված լինելով մի հատկությամբ, որ ես "տիրոջ զգացում" եմ կոչում, իր բարձրագույն նպատակը՝ գերխնդիրը համարեց իր ժողովրդի հոգսը քաշելը: Ես բազմիցս վկա եմ եղել և լսել եմ ականատեսներից, որ երբ խոսք է գնացել բնակչության ապահովման հարցերի մասին, Դեմիրճյանը վճռականորեն է դրել հարցը."Ոչինչ չգիտեմ, ժողովրդին պետք է պահենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան