Ճանապարհներն անորակ կառուցած ընկերությունները չեն վճարվի. Հակոբ Արշակյան
Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում վերանորոգում է նախատեսվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ «Զվարթնոց»-ում արդեն իսկ մեկնարկել է թռիչքուղու վերանորոգումը, բացի այդ նախատեսվում է երկու օդանավակայաններում իրականացնել ենթակառուցվածքի մեծացման նախագիծ։
Հակոբ Արշակյանը, կարևորելով փոքր ավիացիայի զարգացումը, նշեց, որ այս ոլորտում 3 ընկերություն լիցենզիա է ստացել, որոնք ուղղաթիռներ են գնել։ Ուղղաթիռներից մեկն էլ, ըստ նրա, օգտագործվում է առողջապահության նախարարության համար։
Անդրադառնալով ճանապարհների շինարարությանը՝ նախարարն ասաց, որ այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ։
Ըստ Հակոբ Արշակյանի՝ միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն Երևան-Ապարան ճանապարհի, Ջերմուկի, Սևանի հատվածում։
«Երևանից դեպի Վրաստանի սահման էլ պետք է ունենանք երկկողմանի բարձրորակ ճանապարհ։ Հարավային ուղղությամբ էլ` դեպի Մեղրի ընկած հատվածում կլինեն նորոգումներ։ Նախորդ 5 տարիների համեմատ աննախադեպ քանակով ճանապարհաշինարարական աշխատանքներ ենք կատարելու` 300 կմ-ից ավելի»,- նշեց նա։
Անդրադառնալով Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի կառուցմանը՝ նախարարը նշեց, որ Վանաձորից Թումանյանի կայարան գնացող հատվածի շինարարությունն արդեն ավարտվել է, ծրագրվում է մինչև Վրաստանի սահմանն ընկած ճանապարհի շինարարության մի մասն ավարտել այս տարի, մյուս հատվածը՝ 2020 թվականին։ Արդյունքում, ըստ նրա, կունենանք Հայաստանից Վրաստան գնացող բարձրորակ ճանապարհ։
Հակոբ Արշակյանը նաև ասաց, որ այս տարի պետք է ավարտեին Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարահատվածի շինարարությունը, սակայն նախկինում որոշ ուշացումների պատճառով չեն կարողանալու այն ժամանակին ավարտել։
Նախարարը խոսեց նաև իրականացրած անորակ աշխատանքներից։ Մասնավորապես, անդրադառնալով Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածին՝ ասաց, որ անցյալ տարի այդ ճանապարհի շինարարությունը կատարվում էր լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում և արդեն կար սեզոնային ուշացում, հնարավոր չեղավ հենց այդ ժամանակ էլ վերականգնել վնասը։ Ըստ նախարարի՝ կատարված աշխատանքի դիմաց չեն վճարել ընկերությանը, քանի որ Կառավարությունը չի ընդունել այդ աշխատանքները՝ անորակ լինելու պատճառով:
Հակոբ Արշակյանը նշեց, որ ընկերությունը պարտավորվել է շտկել ճանապարհի որակի հետ կապված խնդիրները և մայիսից կսկսի շինաշխատանքները։
«Անկախ նրանից, թե ով է շինարարությունն իրականացնում՝ նախկին, թե ներկա պաշտոնյա, հսկողությունն է իրականացվելու և ընկերությունը չի վճարվի, եթե պատշաճ որակի շինաշխատանքներ չիրականացնի»,- ընդգծեց նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան