Մենք Ջանջուղազյանին ո՞նց օգնենք, դա անհնար բան է. Մարուքյան
Խորհրդարանում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրավոր հարցապնդումը, որն առնչվում է կառավարության կառուցվածքի փոփոխության տեսլականին, սպասվող կրճատումներին:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց. «Չկա բան, որ ասած լինենք, հետո մեր ասածից հետ կանգնենք։ Մենք ասել ենք, որ կառավարությունը ուռճացված է, հիմա էլ այդպես ենք գտնում՝ մարզպետարաններից սկսած մինչև վարչապետի աշխատակազմ։ Հիմա այդ պնդումը կյանքի կոչողները հեղափոխության և ընտրությունների արդյունքներով իշխանությունն է, հիմա այդ պնդումը կյանքի կոչողները եկել են իշխանության և սպասում ենք, որ այդ պնդումը պետք է կյանքի կոչվի, և ներկայացվեն, թե ով է կրճատվում, քանի հոգի, ինչի համար, մեկ էլ նամակ է հրապարակվում, որտեղ գրված է 10 հազար հոգի՝ հավելյալ արժեք չստեղծողներ։ Ասում ենք տեսնենք էս ովքեր են, ինչի համար են կրճատվում, չստացվի՝ ունքն ուղղելու փոխարեն տան աչքն էլ հանեն»։
Մարուքյանի խոսքով՝ իրենք իրենց վերահսկողական գործառույթն են իրականացնում, սակայն դրա արդյունքում հանգում են նրան, որ չկա նշված խնդիրների լուծումների պատասխանները։
«Թե չէ, որ մենք ասել ենք, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, այո մենք մեր խոսքերի տերն ենք, հիմա էլ ենք ասում և այդ մասով աջակցում ենք։ Հիմա ուզում ենք աջակցել, չենք կարողանում աջակցել, քանի որ չգիտենք ինչին աջակցենք, քանի որ իրենք չգիտեն ինչ են անում»,- ասաց Մարուքյանը։
Ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դիտարկմանը, թե միգուցե օգնել պետք չէ, ուղղակի վերահսկել է պետք, կկրճատեն կվերահսկեք, պատգամավորն ասաց. «Հնեց հիմա տեղի է ունենում մեր վերահսկողական գործառույթը, և մենք այն գծի մեջ չենք, երբ ասում են՝ իքսը պետք է իգրեկին սպանի, սպասում ենք իքսը գնա իգրեկին սպանի, որ գնանք իգրեկի դիակը գտնենք, իքսին էլ կալանավորենք։ Մենք ուզում ենք կանխարգելել։ Հո չենք սպասում սխալ կրճատումներ անեն, հետո ասենք՝ աաա, սխալ կրճատումներ արեցին, մենք ընթացքն ենք վերահսկում, որ սխալ կրճատումներ չանեն։ Օգնել՝ նկատի ունեմ պետական կառավարման առողջ համակարգում այն մրցակցությունն ու հսկողական ֆունկցիաների իրականացումը, որն իրականացնում ենք, թե չէ մենք Ջանջուղազյանին ոնց օգնենք, դա անհնար բան է»։
Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Մի որոշ բանով, պարոն Մարուքյան»։