Արցախի հետ ռոումինգը չեղարկելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում
Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե Արցախի հետ ռոումինգը չեղարկելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում։
Պատգամավորը հիշեցրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի, աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ։ Նա նաև նշել էր, որ ռոումինգի արժեքը ԵԱՏՄ-ում էականորեն նվազել է, իսկ նախորդ տարի միջպետական ռոումինգը չեղարկվել է Ռուսաստանում։
«Մեր կառավարությունն այդօրինակ նախաձեռնություն հանդես կբերի՞ Արցախի հետ ռոումինգը չեղարկելու կամ հնարավորինս մատչելի դարձնելու համար»,-հարցրեց Վարդևան Գրիգորյանը ։
ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նախ նշեց, որ օրինակը ՌԴ-ի ներսում գործող ռոումինգի մասով է և այստեղ տարբեր է իրավիճակը։
Ինչ վերաբերում է Արցախին, նախարարն ասաց, որ Արցախում ռոումինգի ծառայության սակագների հարցը քննարկվել է, իսկ սակագների պայմանավորվածությունը ձեռք է բերվում երկու օպերատորների միջև, այսինքն՝ Արցախի օպերատորի և Հայաստանի օպերատորների միջև։
Հակոբ Արշակյանն ասաց, որ վերջին տարիներին ռոումինգի սակագինը տատանվել է 145-132 դրամի միջև, իսկ հիմա 25-45 դրամ է՝ կախված օպերատորից։ «Սա ոչ թե երկրի ներսում կարգավորման հարց է, այլ միջպետական հարաբերությունների հարց է, որ շարունակաբար քննարկվում է»,- ընդգծեց նա։
Վարդևան Գրիգորյանն արձագանքեց, թե ԵԱՏՄ տարածքում նույնպես խոսքը վերաբերում տարբեր երկրների, իսկ Հայաստան-Արցախ դեպքում հարցը ավելի հեշտ լուծելի է։
Հակոբ Արշակյանը կրկնեց, որ Արցախի հետ ռոումինգի սակագինը նվազել է ավելի քան 6 անգամ, իսկ քննարկումները շարունակվում են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան