Էլի կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Փաշինյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնեց Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքում տիրող լարված իրավիճակի մասին։
Նրա խոսքով՝ բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը, գյուղի հովիվն արդեն մեկ շաբաթ հացադուլ է անում և գիշերում է համայնքապետարանի առջև, սակայն համայնքի ղեկավարը չի պատրաստվում հրաժարական տալ, ավելին, ասում է, որ եթե արել է չարաշահումներ, ապա թող իրենով զբաղվեն իրավապահները։
«Հաշվի առնելով Զարթոնք համայնքի տխուր նախադեպը, անկեղծ ասած, մտահոգված եմ, որ կարող են լինել տխուր զարգացումներ։ Ինձ տեղեկացրեցին, որ երիտասարդների մոտ եղել են դանակներ, այսինքն՝ ամեն պահի կարող են տհաճ զարգացումներ լինել», - ասաց Թագուհի Թովմասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրականում այս հարցը դարձյալ սուպերվարչապետությանն է վերաբերում։
«Հիմա եկեք կողնորոշվենք՝ ուզում ենք սուպերվարչապետական համակարգ, թե ոչ։ Օրինակ՝ եթե Զարթոնք գյուղում միջամտեինք, ասուլիսներ կհրավիրեին, կասեին, ա՛յ կառավարությունը ճնշում է գործադրում համայնքի ղեկավարի վրա։ Իսկ երբ այնտեղ միջադեպ եղավ, ասում են՝ ո՞ւր է նայում կառավարությունը։ Ես իմ քաղաքական դիրքորոշումն արտահայտել եմ և բոլոր այն համայնքներում, որտեղ կա խնդիր, կա բողոքի շարունակվող ալիք, գյուղապետերը պետք է հրաժարական տան և նշանակվեն արտահերթ ընտրություններ»,- ընդգծեց նա։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մարդկանց մոտ դանակներ են նկատվել, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Բոլոր նրանք, որոնք բռնությամբ կփորձեն հարցեր լուծել, իրենք բանտում են հայտնվելու, տարբերակ չունեն։ Որևէ մեկը չփորձի Հայաստանում դանակ, զենք խաղացնել։ Կներեք, էլի կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք։ Որևէ մեկը հանկարծ չփորձի դանակով հարց լուծել։ Եթե նույնիսկ միջադեպեր կլինեն, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ կապեր օգտագործելով «կպլստան» այս մի քրեական գործից, մեկ է՝ հաջորդ պահին վզներից բռնելու ենք։ Որևէ մեկը չփորձի դանակ խաղացնել, գողական խաղացնել Հայաստանի Հանրապետությունում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան