«Հլը սուս մնա, չափդ ճանաչի». լեզվակռիվ ԱԺ-ում
Այսօր խորհրդարանում մինչ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունումը, ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Նա նախ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ կոստյումի վերաբերյալ հայտարարությանը։
«Ես հավատում եմ, որ պարոն Մարուքյանն ամենայն մանրամասնությամբ, ոչ թե կոճակներով, այլ թելերով կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումի մանրամասնություններին, բայց ցանկանում եմ ընդգծել, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը և կրելու ենք մեր կոստյումը։ Ոչ ցանկություն ենք ունեցել որևէ մեկինը կրել, ոչ էլ տեսլական ենք ունեցել ուրիշների կոստյումները մեր հագով ձևել, առավելևս այդ կոստյումների մանրամասնություններին ծանոթանալ»,- ասաց Վահագն Հովակիմյանը:
Այնուհետև նա անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին. «Պարբերաբար փորձ է արվում նույն խմբակցության ներկայացուցչի կողմից կառավարության նոր սերնդի պաշտոնյաներին պիտակավորել, անվանել ոչ կոմպետենտ: Պետք է հիշողություն ունենալ ու հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին»:
Վահագն Հովակիմյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ից հիմնականում ելույթ են ունենում 5-6 պատգամավոր, թեև խմբակցությունում կա երկու տասնյակից ավելի պատգամավոր։
«Պետք է հորդորեմ, որ դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձեք Ձեր գերանները տեսնել։ Մի անտեսեք Ձեր գերանները, առերեսվեք Ձեր գերանների հետ, դա Ձեզ կօգնի առաջ գնալ»,- ասաց նա։
Պատգամավորի այս ելույթը վրդովեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներին։
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենց ինչ գործն է, թե քանի հոգի են ելույթ ունենում. «Եթե այդքան մոտ եք մաթեմատիկային, ապա Ձեր խմբակցությունը բաղկացած է 88 պատգամավորից և քանիսն են պարբերաբար ելույթ ունենում։ Հետո ոնց որ յարմրկա եկած լինեք՝ կոստյում, տաբատ, զուգագուլպա, անդրավարտիք, ծրագրից խոսեք։ Ի՞նչ ունեք ժողովրդին ասելու, ինչ տնտեսական, սոցիալական խնդիրներ եք լուծելու։ Ի՞նչ եք եկել էստեղ շորերի անուններ տալիս, գիտենք, որ դուք էլ ունեք էդ շորերից»։
Գևորգ Պետրոսյանը նշեց նաև, որ իրենք տալիս են առարկայական հարցեր. «Դուք վերջին անգամ ե՞րբ եք ժողովրդի մեջ գտնվել: Հենց հիմա ես կարող եմ ասել, թե կես ժամ առաջ ում հետ եմ խոսել, ինչ խնդիր է բարձրացվել: Իսկ դուք գալիս եք այստեղ ու խոսում եք «Ֆուլ հաուս»-ի դերասանների մասին»։
«Իմ քայլից» արձագանքեցին պատգամավորի ելույթին, ինչին վերջինս պատասխանեց՝ «Հլը սուս մնա»։
Լեզվակռվին ստիպված եղավ միջամտել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ հանդարտվելու կոչ անելով:
Իրարանցում սկսվեց դահլիճում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ԱԺ դահլիճում որևէ մեկը որևէ մեկից առավել չէ, ավելի խելացի չէ. «Պարոն Հովակիմյան, ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս մարդուն անվանարկել, թե առաջին անգամ ելույթ ունեցավ, երկրորդ անգամ ելույթ ունեցավ։ Դուք առաջին անգամ այնքան բան չեք արել Ձեր կյանքում: Պետք է Ձեր չափը ճանաչեք, չի կարելի այստեղ մարդկանց անվանարկել։ Սա վերջին դեպքը լինի, ես խոսք եմ տալիս, որ սրանից հետո մեր խոսակցությունն այլ կերպ կլինի: Կամ մենք իրար հարգում ենք, կամ վերջացնում ենք այս թատրոնը: Մենք չենք եկել այստեղ մարդկանց վիրավորելու համար: Դուք իրավունք չունեք մեր խմբակցության ղեկավարի հասցեին որևէ բան ասելու: Մենք թույլ չենք տալու»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ Վահագն Հովակիմյանի ելույթն իսկապես շատ վատն էր. «Հույս ունեմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը կվերանայի նման կարևոր նախագծերը նման մարդկանց վստահելու հարցը։