Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ. Դավիթ Սանասարյան
«Այո, ես հարցաքննվել եմ»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նա միաժամանակ նշեց, որ քրեական գործի մանրամասների մասին չի կարող խոսել, քանի որ նման պարտավորություն ունի։
«Բայց դա չի նշանակում, որ պետք է ինֆորմացիայի արտահոսք լինի և ես չկարողանամ համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի որևէ ձևով չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն։ Դա ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում, դա ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում։ Ինչ նախաքննական մարմին ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել։ Բնականաբար, համաձայն չեմ դրա հետ ու դա վիճարկվելու է համապատասխան իրավական ընթացակարգերով»,- ասաց Դավիթ Սանասարյանը։
Նա միաժամանակ նշեց,որ հարցաքննվել է, առերեսվել է, ասել է այն, ինչ իրեն հայտնի է:
Դիտարկմանը՝ որպես կասկածյալ է հարցաքննվել, ՊՎԾ պետը պատասխանեց. «Կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾ-ին»։
Նա նաև նշեց, որ նախաքննական գաղտնիք է և չի կարող ասել, թե ով ինչ ցուցմունք է տվել.«Բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ որևիցե մեկը, որևիցե կառույց չի կարող ինձ որևէ կոռուպցիոն երևույթի հետ կապել, քանի որ ես սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ: Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ»։
Հարցին, թե ինքն ո՞ւմ է խանգարում, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ ում եմ խանգարում, բայց մի բան հստակ հասկանում եմ՝ տարբեր շրջանակներում արծարծվող թեմաներից։ Այսինքն՝ փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որից էմոցիոնալ շարժվելով՝ ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ: Նման բան չի կարող լինել, ես վտահում եմ երկրի վարչապետին, դրա համար եմ այստեղ։ Չի կարող այնպիսի բան լինել, որ երկրի վարչապետը կոնկրետ իմ նկատմամբ քաղաքական հետապնդման ինչ-որ պատվեր է տվել: Ես այս պահին նման բան բացառում եմ: Թե որ մարմիններն ինչ կուզենան առհասարակ, ես հավաստիացնում եմ՝ Պետական վերահսկողական ծառայությունն ունի նման ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորի։ Իհարկե, օրենքի շրջանակներում: Եվ այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային մարդ լինի, մաքուր մարդ լինի, երբևիցե որևիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի: Բայց դա իրենց գործն է, ես չեմ ուզում իմ կասկածների մասին հնչեցնել: Երբ որ կտեսնեմ, որ սա համակարգային բնույթ ունի, ես դրան ակնհայտ կպատասխանեմ»։
Նա միաժամանակ նշեց, որ ինքը երբևէ չի վախեցել որևէ մեկից կամ գործողությունից, իր վստահ ու խիզախ քայլերի համար հայտնվել է քրեակատարողական հիմնարկում և հիմա էլ չի վախենում, քանի որ բացառում է, որ երբևէ որևէ կոռուպցիայի մեջ կլինի։
Անդրադառնալով ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործին՝ Դավիթ Սանասարյան ասաց, որ քրեական գործը պետք է բաժանել երկու մասի։
«Եթե պետական պաշտոններում զբաղեցրած մարդիկ այլ շարժառիթ են ունեցել, ապա նրանց գործը պետք է տարանջատվի: Բայց, ըստ էության, դրանից, եթե անգամ լինեն նոր ձերբակալություններ, խնդրի էությունը չի փոխվում: Ովքեր նման գնումներով տարիներ շարունակ ընթացակարգեր են իրականացրել ու պետությանը միլիոնների վնաս են տվել, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծեց նա։
Դավիթ Սանասարյանը նաև հայտնեց, որ իր մտահոգություններով կիսվել է երկրի վարչապետի հետ, բայց նա չի խառնվում նախաքննությանը։
«Սա օրենքի պահանջ է, և վարչապետը պետք է հետևի կոնկրետ գործընթացների, և եթե զգա, որ այլ ուղղությամբ է գնում, ինքը համապատասխան դիրքորոշում կհայտնի: Եթե վարչապետը մեկ վայրկյան չվստահի ինձ, ես անձեռնմխելի չեմ, այդ վայրկյանից վարչապետն ինձ կազատի պաշտոնից: Եթե ես որևիցե վայրկյան չվստահեմ վարչապետին, ես ինքս դիմում կգրեմ ու դուրս կգամ»,- ասաց ՊՎԾ պետը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյան. Իրականում անհանգստանալու բան կա
- Դավիթ Սանասարյանը քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ
- Դավիթ Սանասարյանը հարցաքննվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան