Ավագ հինգշաբթի
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է ապրիլի 21-ին։ Այս շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը:
Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17):
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:
Qahana.am-ի հաղորդմամբ, առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Ավագ չորեքշաբթի
- Ավագ երեքշաբթի
- Ավագ երկուշաբթի
- Ծաղկազարդը՝ ապրիլի 14-ին
- Ի՞նչ պատրաստել պահքի ժամանակ
- Սկսվում է Մեծ Պահքը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին