Հռոմի պապ. Գրետա՛, չհանձնվես
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օրհնել է 16-ամյա շվեդ ակտիվիստ Գրետա Թաննբերգին ու կոչ արել շարունակել հետագա պայքարը։ Այս մասին հայտնում է euronews-ը։
Հռոմի պապը սատարել է դպրոցական աղջկան, ով կազմակերպել էր դպրոցականների դասադուլներ՝ իշխանություններից պահանջելով մաքսիմում ջանքեր գործադրել՝ մոլորակի փրկության ու կլիմայի փոփոխության դեմ։
Ֆրանցիսկոսն ու Գրետան կարողացել են շփվել Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում։
«Շնորհակալություն Ձեզ, որ հանդես եք գալիս էկոլոգիայի պաշտպանության աջակցության համար ու ասում եք ճշմարտությունը։ Սա շատ մեծ նշանակություն ունի։ Աստված քեզ պահապան։ Շարունակիր անել այն, ինչ անում ես։ Դեպի առաջ»,-ասել է Հռոմի պապը։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին աշխարհի ավելի քան 100 երկրների դպրոցականներ դուրս էին եկել իրենց դասասենյակներից՝ պահանջելու, որ աշխարհի առաջնորդները քայլեր ձեռնարկեն՝ կանգնեցնելու կլիմայի փոփոխությունները, որը 16-ամյա բնապահպան ակտիվիստ Գրետա Թանբերգի նախաձեռնությունն էր։
Հիշեցնենք, որ 2015թ․-ի դեկտեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կնքվեց Փարիզի կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնագիրը (ֆր.՝ Accord de Paris sur le climat), որը նպատակ ուներ մինչև 2020 թվականը կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ։ Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 22-ին Նյու Յորքում։
Փարիզյան համաձայնագիրը վավերացվել է Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ 96 պետությունների, այդ թվում և Հայաստանի կողմից։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017թ․-ի հունիսի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս համաձայնագրից՝ այն համարելով խոչընդոտ ԱՄՆ տնտեսության զարգացման համար։