RSF. Մամուլի ազատության 2019թ.-ի սանդղակում Հայաստանը 19 կետով առաջընթաց է գրանցել
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն այսօր հրապարակել է 2019թ.-ին աշխարհում մամուլի ազատության ինդեքսը (2019 World Press Freedom Index), որի համաձայն աշխարհում մամուլի ազատությունն ընդհանուր առմամբ նվազում է։
«Լրագրողների հանդեպ թշնամանքը, հաճախ արտահայտվող քաղաքական առաջնորդների կողմից, լրատվամիջոցներին գլոբալ ռիսկի են ենթարկում։ Քաղաքական գործիչների կողմից ԶԼՄ-ների նկատմամբ տարածվող ատելությունը դրդում է վտանգավոր ու հաճախակիացած բռնությունների, որը բորբոքում է լրագրողների համար աննախադեպ վտանգը»,-ասվում է 2019թ.-ին աշխարհում մամուլի ազատության ինդեքսի զեկույցում։
2019թ.-ի մամուլի ազատության ինդեքսն ուսումնասիրել է 180 երկրներում լրատվամիջոցների մթնոլորտը, որտեղ ավելի քան երեք-քառորդում այն դասակարգել է որպես «խնդրահարույց», «բարդ», «շատ բարդ»։ Միայն 8 տոկոսում է մամուլի ազատությունը համարվել «լավ»։
Հայաստանը 2019թ.-ի սանդղակում առաջընթաց է գրանցել 19 կետով՝ 79-րդ տեղից զբաղեցնելով 61-րդ տեղը։ Հայաստանի վերաբերյալ վերլուծության մեջ նշվում է, որ մեդիա լանդշաֆտը բազմազան է, բայց բևեռացված և հիմնական հեռուստատեսային ալիքների քաղաքականությունը համընկնում է սեփականատերերի շահերին։
«Այլ խոսքերով, լրագրողական անկախությունն ու լրատվամիջոցի թափանցիկ սեփականատիրությունը շարունակում է լինել մեծ մարտահրավեր»,-ասվում է զեկույցում։
ԱՄՆ-ում, Վենեսուելայում, Իրանում, Չինաստանում մամուլի ազատության ցուցանիշնեը նվազել են։
«Քաղաքական լիդերները հետևողականորեն անարդարացիորեն քննադատում են լրագրողների աշխատանքը, երբ նրանք լսում են մի բան, որն իրենց դուր չի գալիս, ենթադրելով, որ լրատվամիջոցները պարզապես առաջ են տանում որոշակի օրակարգ»,- այս մասին, ինչպես հայտնում է rferl-ը, ասել է RSF-ի Արևելյան Ասիայի բյուրոյի տնօրեն Սեդրիկ Ալվիանին:
Նորվեգիան, 3-րդ տարին անընդմեջ, գլխավորում է մամուլի ազատության սանդղակը։ Առաջին եռյակում են նաև Ֆինլանդիան ու Շվեդիան։ Ֆրանսիան 32-րդն է։ Ռուսաստանը 149-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 166-րդ, Վրաստանը՝ 60-րդ, Իրանը՝ 170-րդ, Թուրքիան՝ 157-րդ։
Հարակից հրապարակումներ`
- Մամուլի ազատության ինդեքս-2018. Հայաստանը 1 նիշով հետընթաց է ապրել
- «Մամուլի ազատության ինդեքս-2017». Հետաքննողական լրագրությունը Հայաստանում բարգավաճում է