Պայմանագրային զինծառայողը մահացավ
ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երևան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ, ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Քրեական օրենգրքի 110 հոդվածը սահմանում է.
Ինքնասպանության հասցնելը
1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: