Հայկ Մարությանը վստահեցնում է՝ Երևանում աղբահանության վիճակը դեռևս կրիտիկական չէ
Այսօր կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Հարկ Մարությանը ներկայացրեց մայրաքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետից հետաքրքրվեց՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր նա աղբահանության ոլորտում մշտապես ճգնաժամային վիճակների է բախվել, ի՞նչ զարգացումներ են եղել, ի՞նչ լուծումներ են տեսնում:
Հայկ Մարությանը նշեց, որ ի սկզբանե նախատեսված է եղել՝ Երևանում պետք է լիներ երկու օպերատոր, մասնավորապես, բացի «Սանիթեք» ընկերությունից, շվեդական ընկերությունը ևս պետք է զբաղվեր աղբահանությամբ, բայց անհասկանալի կերպով երկու լոտով էլ հաղթող է ճանաչվել «Սանիթեք» ընկերությունը: Այն ներկայանում էր որպես երկու ընկերություն՝ «Սանիթեք ինթերնեշնլ» և «Սանիթեք»:
Քաղաքապետի խոսքով՝ սկզբնական շրջանում այդ ընկերությունը նորմալ է աշխատել, քանի որ մեքենաները նոր էին, անխափան աշխատում էին։
«Կարծում ենք, որ սխալ սպասարկման հետևանքով է հասել այսօրվա վիճակին։ Տեխսպասարկումը սխալ է եղել, նաև սպասարկող աշխատուժի վատ աշխատանքը բերեց այն վիճակին, որ այսօր ունենք։ Իմ քաղաքապետ ընտրվելու ժամանակ շատ վատ վիճակում էր Երևանի աղբահանությունը, մի քանի ամսում մենք կարողացանք բերել նորմալ ռեժիմի՝ հորդորելով, որ ընկերությունը ենթակապալառուներ վերցնի, և փոխանցեն գործառույթն իրենց, քանի որ ֆիզիկապես չէին հասցնում կուտակված աղբը տեղափոխել աղբավայր։ Իրավիճակը շտկվեց, և այս խոսակցություններն այլևս չկային»,- ընդգծեց Հայկ Մարությանը։
Այդուհանդերձ, ըստ նրա, այսօր խնդիրը նորից առկա է, ընկերությանը բազմիցս զգուշացրել են, որ իրենց մեքենաները վատ վիճակում են, եթե 1-2-ը խափանվեն, խնդիր է լինում, ինչին ի պատասխան ընկերությունից հայտնել են, որ ֆինանսական միջոցներ չունեն։
«Մենք, կանխատեսելով, որ կգա այն օրը, երբ մեքենաների մեծ մասը կխափանվի, մրցույթ էինք հանել 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևանի քաղաքապետարանը»։
Քաղաքապետը հայտնեց, որ այսօր արդեն «Սանիթեք» ընկերությանը տուգանել են 13 մլն դրամով, եթե այսպես շարունակվի՝ նորից տուգանքներ կլինեն: Միաժամանակ Հայկ Մարությանը նշեց, որ քաղաքապետարանի կոմունալ վարչություններն այս պահին աշխատում են իրենց թերությունները վերացնելու ուղղությամբ, բայց առանց աղբատար մեքենաների հնարավոր չէ:
Նա նաև ասաց, որ իրենց մրցույթն ընկերությունը բողոքարկել է, իսկ քաղաքապետարանն էլ իր հերթին դատարան է դիմել ընդդեմ բողոքարկման։ Բայց անկախ այդ դատական պրոցեսներից, ըստ քաղաքապետի, 24 մեքենան Երևանում կլինեն հունիս-հուլիսին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աղբահանության հետ կապված շատ ահազանգեր կան և հարցրեց՝ արդյոք վիճակը կրիտիկակա՞ն է, ինչին ի պատասխան Հայկ Մարությանը նշեց, որ վիճակը կրիտիկական չէ. «Կրիտիկականը 2012 թվականին էր Նեապոլում, լուսանկարները նիստից հետո կուղարկեմ, կտեսնեք, դա է կրիտիկականը, հուսով ենք` չենք հասնի դրան»։
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հարցրեց, թե երբ կարող են դիտարկել նոր մրցույթ անցկացնելու հնարավորությունը։ Հայկ Մարությանը պատասխանեց, որ նոր մրցույթ անցկացնելու համար պետք է խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը։
«Խզման դեպքում պայմանագրում կան կոնկրետ կետեր, ընթացակարգ, և մենք` որպես վերահսկող մարմին, վերահսկելու ենք իրավիճակը, և եթե դրա կարիքը լինի, օգտագործելու ենք այդ կետերը` պայմանագիրը խզելու համար: Իսկ եթե ուղղակի առանց ընթացակարգի խզենք, ընկերությունը դատարանում կպահանջի իր առաջիկա 10 տարիների շահույթը, որը ստանալու էր այդ ընթացքում»,- ընդգծեց քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք». Քաղաքապետարանին զգուշացրել էինք, որ Երևանը կկանգնի աղբահանության ճգնաժամի խնդիր առաջ
- «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի
- «Սանիթեք»-ի պարզաբանումը վեջին շաբաթում ստեղծված իրավիճակի հետ կապված
- Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»
- Մարության. «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու պրոցեսի մեջ ենք
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան