Քննարկումների ընթացքում կորոշեն՝ կլինկերի համար էլ տուրք կսահմանվի՞, թե՞ ոչ. Տիգրան Խաչատրյան
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է ոչ միայն ԱԺ սահմաններում, այլ ձեռնարկատերերի շրջանում ևս։
«Երևանի շուկայում Իրանից ներկրված ցեմենտն էապես ավելի էժան է, քան տեղական արտադրողն ունի իր արտադրողական ծախսերի արդյունքում։ Ներկայացված նախագծերով փորձում ենք պաշտպանական միջոցառում կիրառել ՀՀ-ում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն ամրապնդելու նպատակով: Որպեսզի մի կողմից պայմաններ ստեղծենք, որ տեղական արտադրողը կարողանա մրցել ներմուծվող ցեմենտի հետ, բայց մյուս կողմից էլ չսահմանենք այնպիսի կարգավորումներ, որոնք իսպառ կբացառեին ներմուծվող ցեմենտի վաճառքի հնարավորությունը ցեմենտի շուկայում և դուրս հանեին մրցակցությունից։ Պետք է տեղական շուկայում մրցակցային գներ սահմանվեին»,- ներկայացրեց նախարարը։
Խաչատրյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ներմուծվող ցեմենտը սպառման շուկայում ուներ գերակշիռ մաս:
«Հայաստանում 2018 թվականին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմում են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է: Ներկրման տեմպերն ավելի արագ են աճել և դա պայմանավորված է հարևան երկրում էապես էժան ցեմենտով։ Մեր հաշվարկը ցույց է տալիս, որ 22 000 դրամ տուրքը ներմուծման համար այն բավարար չափն է, որ մեկ տոննայի համար սահմանվել է»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ հարցին առնչվող երկրորդ դրվագը կա. «Ցեմենտի արտադրության միջանկյալ փուլում կլինկերի արտադրությունը մեծ շուկայում նրանով է առանձնահատուկ, որ ցեմենտ արտադրում են կլինկերից, նախնական քննարկմամբ՝ կլինկերի համար էլ պետական տուրք պետք է սահմանվեր նույն չափով, քանի որ վերամշակման ծախսերը բարձր չեն, որ ցեմենտ ստանան։ ԱԺ հանձնաժողովում, սակայն քննարկումից որոշվեց, որ այստեղ տարբեր գնահատականներ կան, ուստի ԱԺ-ում համաձայնվել է, որ առաջին քվեարկությամբ զեկուցվի առանց կլինկերի վրա տուրքի դրույքաչափ սահմանելու առաջարկությամբ, ինչն էլ հանձնաժողովում հավանության է արժանացել։
Հիմնական զեկուցողը հավելեց, որ առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների ընթացքում կորոշեն՝ կլինկերի համար էլ տուրք սահմանվի, թե ոչ։