Մայիսի 15-ից կգործարկվի Երևանում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը
2019-20 ուսումնական տարվանից Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով։ Համակարգի ներդրման մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեցին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։
Փոխնախարարը հայտնեց, որ համակարգը կգործարկվի մայիսի 15-ին՝ առավոտյան ժամը 9-ից։
«Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է հայտագրվել առցանց հարթակում, ամրագրել տեղը։ Գաղափարի հիմնական նպատակը հավասար, թափանցիկ մեկնարկային պայմաններ ապահովելն է բոլոր համար։ Նախնական ծրագիրը լինելու է միայն Երևանում, այնուհետև կներդրվի նաև մարզերում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է գրանցվել չհասցնելուն՝ Առաքելյանն ասաց, որ վերջնաժամկետ սահմանված չէ. «Այն ծնողները, որոնք չեն հասցնի գրանցել, իրավիճակային լուծում կտրվի, նայած, թե ինչ ժամկետների մասին է խոսքը»։
Նա նաև նշեց, որ այս տարի նախատեսվում է ավելի քան 13 հազար առաջին դասարանցու ընդունելություն։
Գրանցվելու մանրամասները ներկայացրեց Արտակ Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝ մուտք գործել հայտագրման համակարգի էջ՝ hayt.emis.am, ընտրել համայնքը, ապա դպրոցների ցանկից՝ դպրոցը, ստուգել, թե որտեղ կան ազատ տեղեր և սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։ Եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար, պետք է ընտրել մեկ այլ դպրոց։
Այնուհետև պետք է մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն՝ սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմել «շարունակել» կոճակը։ Այս քայլերը կատարելուց հետո համակարգում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ։
Տվյալները ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը, էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։ Ծածկագիրը տեղադրելով վերևի պատուհանում կարող եք մուտք գործել Ձեզ համար ստեղծած էջ և տեսնել տեղեկատվություն դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին։
Սահմանված վերջնաժամկետոմ փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։ Համակարգը նաև հնարավորություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց։
Գրանցման հաստատումը կարելի է ստուգել stugum.emis.am հասցեի միջոցով։
Ինչ վերաբերում է ծնողների շրջանում իրազեկմանը, Պողոսյանն ասաց, որ համապատասխան հոլովակ կպատրաստվի և բոլոր հնարավոր հարթակներում կտեղադրվի։