Դիլիջանցու պղտոր ջուրն ու «Վեոլիա»-ի 10 հազար եվրոյի բարեգործությունը
Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել խմելու ջրի որակի վերաբերյալ։ Ջրի խնդիրը նոր չէ։
Դեռ տարիներ առաջ Panorama.am-ն անդրադարձել էր դիլիջանցիների դժգոհությանը, սակայն պատկան մարմինների պատասխաններն իրավիճակից ավելի տխուր էին։
«Դիլիջան համայնքի ղեկավարի գրության հիման վրա, Տավուշի մարզպետարանի կողմից գրություն է ուղարկվել սպասարկող «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ պարզաբանումներ խնդրելով ջրի պղտորության, ջրամատակարարման գրաֆիկի խախտումների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ:
Կառավարությանն առընթեր առողջապահական տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով նախատեսվել է վարչական վարույթ։ Հրավիրվել է փորձագետ, և ապրիլի 22-25-ն իրականացվելու են ուսումնասիրություններ։
Արդյունքների ամփոփումից հետո Տավուշի մարզպետարանին կտրամադրվի տեղեկատվություն, որի հիման վրա կձեռնարկվեն կոնկրետ գործողություններ»,-հայտնում են Տավուշի մարզպետարանից։
Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ ընկերությունից արդարացել էին. ««Վեոլիա Ջուր ՓԲԸ նախկին ջրամատակարար կազմակերպությունից ժառանգել է տեխնիկապես ծայրահեղ վատ վիճակում գտնվող, տեխնոլոգիապես օրվա պահանջներին չհամապատասխանող խմելու ջրի մաքրման կայաններ։ Ընկերությունն արդեն ուսումնասիրել է դրանց ներկայիս վիճակը և ներկայացրել համապատասխան առաջարկներ»։
Փաստորեն երկու տարի անց էլ առաջարկները կյանքի չեն կոչվել, դիլիջանցիների համար մաքուր ջուր ապահովելու համար ընկերությունը քայլեր չի իրականացրել։
Երևի կարդարանան, ներդրումներ կատարելու համար գումար չկա։ Պայմանագրային պարտավորություններից զատ նրանց կարելի է հիշեցնել վերջին բարեգործության մասին, երբ Վեոլիա Ջրի տնօրինությունը 10 հազար եվրո է հատկացնելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:
Ուշագրավ է, որ քիչ առաջ էլ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տարածեց մի հայտարարություն, որտեղ մեղադրում է «Սանիթեք»-ին իր գործը չկատարելու մեջ.
«Եղանակներն անձրևային են, մինչդեռ դիտահորերից հանված աղբը չի հեռացվում
Ամենևին էլ չցանկանալով ավելացնել «Սանիթեքի» իրական կամ կարծեցյալ մեղքերը, չենք կարող չահազանգել հետևյալի մասին...
Այսօր - վաղը - մյուս օրը նորից անձրևելու է: Կնշանակի կուտակված աղբը նորից փակելու է ճաղավանդակները, Վեոլիա ջրի աշխատակիցները անձրևի ժամանակ նորից ճեպով մեկնելու են կուտակումների վայրեր՝ խցանումները բացելու, հանրությունը նորից մեզ է մեղադրելու... Եւ այսպես շարունակ: Է՛, վե՞րջը ...»։
Է´, վե˚րջը...