Լենա Նազարյան. Բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել
«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու յուրայինների ու օտարների, ինչպես եղել է նախկինում։ Նման բաժանում չի լինելու, և կարծում եմ, արդեն համոզվել եք»,-Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն, ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
Հարցին, թե Դավիթ Սանասարյանը մեղադրանքը հիմնավոր չի համարում, ԱԱԾ-ին կասկածելու հիմքեր կա՞ն, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որևէ մեկի հանդեպ կասկածներ չունի։
«Վստահում եմ ԱԱԾ-ի գործողություններին։ Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին, այսպես ասած, կարող է որևէ մեկը գործ սարքել, նաև բացառում եմ, որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,-ի պատասխան ճշտող հարցերին, ասաց Լ. Նազարյանը։
Վերջինը համարում է, որ Վերահսկողական պետական ծառայության ու Ազգային անվտանգության ծառայության միջև եղած տարաձայնությունները չեն հեղինակազրկում վարչապետ Փաշինյանին։
«Նախկինում էլ գուցե եղել են նման տարաձայնություններ, բայց դրանց վերաբերյալ հանրությունը որևէ տեղեկություն չի ունեցել, բոլոր հարցերը ներքին կարգով են լուծվել։ Հիմա մենք հնարավորություն ունենք տեղյակ լինել ու դատել փաստերով»,-ասաց ԱԺ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ երեկ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր. «Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի»։
Երեկ՝ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:
Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի. Սանասարյան
- Դավիթ Սանասարյան. Իմ դեմ իրականացվողը շինծու է
- ԱԱԾ. Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ. Դավիթ Սանասարյան
- Պաշտպանել կասկածյալ Դ. Սանասարյանին
- Դավիթ Սանասարյան. Իրականում անհանգստանալու բան կա
- Դավիթ Սանասարյանը քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան