Նիկոլ Փաշինյանը՝ իր տված խոստումների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում պատասխանում է օգտատերերի հարցերին։ Սակայն մինչ այդ նա անդրադարձավ իր տված խոստումներին։
Նախ՝ հիշեցրեց այն խոստումը, որ իրենց իշխանության գալուց հետո կադրային ջարդ չի լինելու։
«Այս խոստումը 100 տոկոսով լիարժեք կատարվել է, մեկ միլիմետր անգամ չենք շեղվում դրանից։ Այսօր պետական կառավարման համակարգի 97 տոկոսը նույն մարդիկ են։ Սա շատ դեպքերում մեզ համար պրոբլեմ է, մեզ դրա համար քննադատում են, բայց մենք խոստացել ենք, համարում ենք, որ սա ճիշտ ճանապարհ է, որովհետև իսկապես մեր հեղափոխությունը հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը չի»,- նշեց նա։
Երկրորդ խոստումը՝ Հայաստանի պետական բյուջեն երկու տարում 30-40 տոկոսով ավելացնել։
«Արդեն բնական աճով 2019-ի բյուջեով 2018-ի նկատմամբ եկամտային մասը 10 տոկոսի աճ է ունեցել։ Ես արդեն ասել եմ, որ այս տարի գնում ենք պետական բյուջեի եկամտային մասի գերակատարման։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն 4-5 տոկոսով կգերակատարենք։ Ես չեմ ուզում ավելի լավատեսական կանխատեսումներ անել, բայց մենք գնում ենք այս խոստման կատարմանը։ Այս պահի դրությամբ այդ խոստումը 90 տոկոսով կատարված է»,- ասաց վարչապետը։
Մյուս խոստման մասին. «Պետք է փոխվեն տնտեսական հարաբերությունները, վերացվեն մենաշնորհները։ Սա 100 տոկոսով կատարվել է։ Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել, որ ունի մենաշնորհ, առնվազն հնարավորությունների իմաստով։ Իհարկե, այն մարդիկ, որոնք նախկինում մենաշնորհներ են ունեցել, հիմա շուկայում իրենց հնարավորություններն ավելի լավ են, բայց վերջին անգամ ես կառավարության հաշվետվության ներկայացման ժամանակ ցույց տվեցի, թե ինչ հսկայական դրական դինամիկա ունենք բենզինի, բանանի, շաքարավազի շուկաներում»։
Վարչապետը նշեց, որ կատարվել են հետևյալ խոստումները՝ աշխարհաքաղաքական ռեվերսներ չեն լինելու, Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, քաղաքական հետապնդումներ չեն լինելու, քաղբանտարկյալներ չեն լինելու, անձնական վրեժխնդրություններ չեն լինելու, նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինելու, ազատ թափանցիկ ընտրությունների անցկացում, ընտրակաշառքի իսպառ բացառում, բիզնեսի ազատագրումը կոռուպցիոն համակարգի առաջ ունեցած բոլոր պարտավորություններից։
Խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխության խոստման մասին, Ն. Փաշինյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթն իրենք ներկայացրել էին, որն ընդունվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից, սակայն ՀՀԿ-ական խորհրդարանը չէր ընդունել։
«Մենք մեր պարտավորության մասը 100 տոկոսով կատարել ենք»,- նշեց նա։
«Բոլոր խոստումները, որ ես ասել եմ քայլարշավից սկսած, պատրաստ եմ և պետք է մեզ համար, ինձ համար նույնպես լինի գործունեության ուղենիշը»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։