Սիրանույշ Մուրադյան. Վճռական ենք
Հանրային հեռուստաընկերության՝ աշխատանքից ազատված լրագրող Սիրանույշ Մուրադյանը ԵԽԽՎ հրավերով Ստրասբուրգում էր` լուսաբանելու Վեհաժողովի նստաշրջանի աշխատանքները։ Նա որպես ազատ թղթակից Ֆրանսիայից նյութեր է ուղարկել հայաստանյան տարբեր լրատվամիջոցների։
Panorama.am-ի հետ զրույցում լրագրողը պատմեց, իրեն հանդիպելիս ԵԽ ներկայացուցիչները, պաշտոնյաները, եվրոպացի գործընկերները հետաքրրվել են իրեն աշխատանքից ազատելու հանգամանքներով, պատճառներով, դատական գործի ընթացքով։
«Բնական է, ինձ ճանաչողները հետաքրքրվում էին, հարցեր էին տալիս։ Բայց ասում էի, որ ես էլ պատճառը չգիտեմ, թե ինչու են ազատել աշխատանքից, ինչ հիմքով է այդ որոշումը կայացվել։ Ես տեղեկացնում էի, որ իմ երկրի ներսում դատական կարգով բողոքարկում ենք որոշումը ու սպասում ենք դատավարության մեկնարկին, ապա որոշմանը։ Ես չուզեցի այնտեղ հարցը բարձացնել, քանի որ երկրի ներսում համապատասխան ատյաններով չենք անցել»,-ասաց լրագրողը։
Հիշեցնենք, որ աշխատանքից ազատված ևս մեկ լրագրող՝ Լիանա Կարապետյանը Սիրանույշ Մուրադյանի հետ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` 25.12.2018 թվականի թիվ 46-Լ միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջով։ Հենց այդ որոշմամբ են ազատվել աշխատանքից։ Նրանք խորհրդի որոշումը կամայական ու անհիմն են որակում։
Մինչ նախնական դատական նիստը փոխվել է հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը։ Այս պաշտոնում ընտրվեց Արա Շիրինյանը։
Սիրանուշ Մուադյանն ասում է՝ իրենց խնդիրը ոչ թե խորհրդի նախագահի հետ է, այլ խորհրդի որոշման հիմնավորվածության։
Լրագրողների փաստաբան Տիգրան Ղազարյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, նախագահի փոփոխությունը դատավարական գործընթացների առումով որևէ ազդեցություն ունենալ չի կարող, խնդիրը նույնն է մնացել։
«Պատասխանող կողմը մնում է նույնը։ Զուտ մարդկային, ընկալման առումով կարող է փոփոխությունն ազդեցություն ունենալ։ Իմ համոզմամբ, նոր նախագահն ավելի շրջահայացություն պետք է դրսևորի ու փորձի հասկանալ, թե ինչու են իրականում կրճատվել լրագրողներ Լիանա Կարապետյանն ու Սիրանույշ Մուրադյանը, զուտ այս կտրվածքով»,-ասաց լրագրողների շահերը ներկայացնող Ղազարյանը։
Սիրանույշ Մուրադյանը նշում է, վճռական է իր իրավունքները պաշտպանելու հարցում, գործընկերոջ հետ պայքարելու են մինչև վերջ, իրենց ձայնը լսելի են դարձնելու եվրոպական ատյաններում, արդարություն գտնելու համար անհրաժեշտության դեպքում կհասնեն նաև ՄԻԵԴ։
«Մենք ասում ենք, վարչական ակտը պետք է ունենա հիմնավորում, պետք է հիմնավորեն, թե ինչու չեն ցանկանում մեզ հետ աշխատել։ Սա նաև մասնագիտական պատվի հարց է»,-ավելի վաղ ասել էր լրագրողը։
Հիշեցնենք, որ նախնական դատական նիստը նշանակված է ապրիլի 30-ին, հայցվոր կողմը հույս ունի, այդ օրը կունենա հրապարակելու համար շոշափելի տեղեկատվություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան