Թելադրություն է գրել 1500 մարդ
Ապրիլի 23-ին ԶԱՆԳԱԿ գրատանը ԿԳՆ և Լեզվի պետական կոմիտեի աջակցությամբ տեղի է ունենալու «Թելադրություն 2019» նախագծի ամփոփիչ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կհանձնվեն նվերներ և շնորհակալագրեր, կվերլուծվի թելադրված տեքստը և կամփոփվեն արդյունքները։
Նախագծի կազմակերպիչների փոխանցմամբ, այս տարի նախագիծը ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ ընդգրկելով ավելի շատ քաղաքներ և երկրներ: Նախագծին միացել են ՀՀ բոլոր մարզերը, Երևանը, Արցախի Հանրապետությունը, Ռուսաստանը՝ իր հայաշատ քաղաքներով, Բելառուսը, Գերմանիան, Չեխիան և Շվեյցարիան, Սիրիան, Ուկրաինան։ Թելադրությունը գրել են դպրոցներում, համալսարաններում, թանգարաններում։ Նախագծին մասնակցել է շուրջ 1500 մարդ։
Այն հասարակական նախագիծ է, որն անց է կացվում կամավորական ուժերով:
Թելադրության նպատակն է ցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Հայոց լեզվի յուրացումը հեշտ չէ, սակայն հետաքրքրաշարժ է և օգտակար:
Մասնակցել կարող է յուրաքանչյուր ցանկացող՝ անկախ տարիքից, սեռից, կրթությունից, դավանանքից, մասնագիտությունից, ընտանեկան կարգավիճակից, հետաքրքրություններից և քաղաքական հայացքներից: