Պետք է կտրուկ ուժեղացնել հանրային վերահսկողությունը
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Իր դեմ մեղադրանքի առաջադրումից րոպեներ անց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, թե իր դեմ իրականացվողը (մեղադրանքը) շինծու է։
Սա նոր Հայաստանի քրեադատավարական գործընթացներում շրջադարձային պահ է, և մենք իրավունք չունենք սա անտեսելու, անուշադրության մատնելու։
Մինչ այս երկրի քաղաքական իշխանությունը և իրավապահ համակարգը հայտարարում էին, որ բացառվում է քրեական գործերի հանդեպ որևէ «շինծուություն», քաղաքական պատվեր կամ ճնշում։ Դրան գումարվում էր սոցցանցային մթնոլորտը, և որևէ պաշտպանվող կողմի, նրա փաստաբանների համար հաճախ շատ դժվար էր դառնում ապացուցել ակնհայտը։ Ուղղորդվող զգացմունքայնությունը և «անտեսանելի ձեռքը» հաղթում էին իրավական գործընթացներին։
Իր ձևակերպմամբ Դավիթ Սանասարյանը՝ հեղափոխության առաջամարտիկներից մեկը, լեգիտիմացրեց նոր Հայաստանում շինծու քրեական հետապնդման հնարավորության վարկածը։ Սա հավասարաչափ կարող է վերաբերել մյուս հայտնի քրեական գործերին։
Իսկ ո՞րն է երաշխիքը, որ շինծու չէ սահմանադրական կարգի տապալման գործը, ՍԴ դատավորի վրա ճնշման գործը, իսկ ո՞րն է երաշխիքը, որ շինծու չէ Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործը։ Այլևս՝ ոչ մի երաշխիք։
Սա տեսական բանավեճ չէ, և խնդիրն արագ պետք է տեղափոխել շատ կոնկրետ կիրառական հարթություն։
Այլևս «շինծուության» կասկածը հնարավոր չի լինելու վերացնել իշխանության հավաստիացումներով։ Դրա համար այլ բան է պետք՝ ողջ գործընթացի իրավական, հանրային մոնիտորինգ։ Միայն այս պայմաններում ՀՔԾ-ն, դատախազներն ու դատավորները իրենց կաշկանդված կզգան «շինծուություն» անելուց։
Սա օդ ու ջրի պես պետք է նաև Նիկոլ Փաշինյանին։ Եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ վերը թվարկված կամ այլ գործեր շինծու են, նա ստանալու է ՀՔԾ-ից, դատախազներից և դատավորներից տարանջատվելու օրինական հնարավորություն։
Սա շատ կարևոր է պետության համար. եթե, Աստված մի արասցե, նշված քրեական գործերը գնան ՀՔԾ-ի սցենարով, ու կայացվեն ծանր վճիռներ ու հետո, ավելի ուշ, պարզվի, որ դրանք եղել են շինծու, ապա դա ոչ միայն այլանդակելու է պետության հիմքերը, այլև դառնալու է չդադարող վենդետաների շարժառիթ, և ամենևին՝ ոչ միայն դատաիրավական համակարգի հանդեպ։
Իմ ասածը հետևյալն է. անկախ քաղաքական հայացքներից, սոցիալական դիրքից, հնից ու նորից, հասարակությունը պարտավոր է թույլ չտալ որևէ «շինծուություն»։ Հնարավո՞ր է սրան հասնել։ Վստահաբար այո՝ եթե լավ մտածենք ու լավ աշխատենք: Աշխատենք բոլորս։
Հարակից հրապարակումներ`
- Լենա Նազարյան. Բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել
- Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի. Սանասարյան
- Դավիթ Սանասարյան. Իմ դեմ իրականացվողը շինծու է
- ԱԱԾ. Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ. Դավիթ Սանասարյան
- Դավիթ Սանասարյան. Իրականում անհանգստանալու բան կա
- Դավիթ Սանասարյանը քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ