Արցախում 18 տարեկան տղան սպանել է հարազատ եղբորը
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղում։ 18 տարեկան տղան սպանել է 9 տարեկան հարազատ եղբորը։ Սպանված երեխայի պարանոցի հատվածում հայտնաբերել են կտրած, ծակած վերքեր։
Արցախի ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ սպանություն կատարածը ձերբակալված է։
Սոցցանցի տարբեր խմբերում հրապարակված տեղեկատվության համաձայն, ավագ եղբայրը սպանությունը կատարել է ամենադաժան կերպով, ապա եղբոր դին թաքցրել է անտառում, ծածկել տերևներով։ Նշվում է, որ սպանությանը պատճառ է դարձել ինտերնետային խաղերից մեկը։ Նույն տեղեկությունների համաձայն, սպանություն գործած անձը հայտարարել է, որ սպանելու է նաև զարմիկին, հետո ինքն էլ գնալու է եղբայրների մոտ։
Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվության ծառայության պետ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները, ասաց, որ սպանությունը ինտերնետ խաղի հետևանքով չի եղել։ Նա նշեց՝ նախաքննության շահերից ելնելով շատ հարցեր կթողնի անպատասխան։
«Նման բան չկա։ Նախաքննություն է իրականացվում։ Նախքաննության բազմակողմանիությունն ապահովելու նպատալով նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- ասաց ծառայության պետը՝ չմանրամասնելով, թե ինչ փորձաքննությունների մասին է խոսքը, ստացվե՞լ են արդյունքները, թե՞ ոչ։
Նա վստահեցնում է՝ տվյալ քրեական գործի նախաքննությունն իրականացվում է ամենամանրակրկիտ ձևով և բոլոր հանգամանքները պարզվում են, նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները։
«Կատարվել է սպանություն, այն էլ մանկահասակ երեխայի։ Ունենք ձերբակալված, իր հարազատ եղբայրն է։ Մնացած հարցերը պարզ կլինի հետագայում։ Ձերբակալվելու պահին նա սթափ է եղել, ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել։ Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող, գոյություն ունի անմեղության կանխավարկած, մանավանդ սպանության մեջ կասկածվում է հարազատ եղբայրը»,-ասացին ոստիկանությունից։
Նոր Գետաշենի գյուղապետ Վ. Գրիգորյանը Panoarama.am-ի հետ զրույցում ասաց, ընտանիքը բազմազավակ է, ունեն հինգ երեխա։ Ընտանիքը զինվորական է. Ձերբակալված տղան հիմնական դպրոցն ավարտելուց հետո, գնացել է Ստեփանակերտ, ընդունվել Քրիստափոր Իվանյանի անվան ռազմա-մարզական վարժարան։ Սակայն ուսումը կիսատ է թողել, վերադարձել տուն, ոչ մի բանով չի զբաղվել, ինչ-ինչ պատճառով ազատվել է զինծառայությունից։
«Ընթացքում նա միշտ տանն է եղել, տարօինակություններ չեն նկատել, ոչ ծխող է եղել, ոչ խմող»,-ասաց նա։
Արցախի ոստիկանության պաշտոնական էջում երկու տեղեկատվություն է հրապարակել սպանության վերաբերյալ, առաջինը ապրիլի 13-ին, երկրորդը՝ ապրիլի 15-ին.
«Ս.թ.ապրիլի 12-ին ժամը 20:00-ին Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի ղեկավար Վ. Գ-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ն ժամը 11:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել:
ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները ժամը 21:15-ի սահմաններում Նոր Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող անտառահատվածում հայտնաբերել են Վ. Գ-ի դին` քարերով և տերևներով ծածկված վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերվել է ծակած կտրած վերքեր։
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և քննչական վարչության ծառայողները պարզել են, որ Վ.Գ-ին ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում սպանել է հարազատ եղբայրը՝2001թ.ծնված Ս.Գ-ն՝խոհանոցային դանակով պարանոցի շրջանում հարվածներ հասցնելով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն։
Սույն թվական ապրիլի 13-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ.ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության վերաբերյալ։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ս.թ ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ.ծնված Ս.Գ-ն։
Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»։