«Ժողովուրդ». Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը այս տարվա հունվարի 1-ից մինչև հիմա չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր այդ խնդրի մասին: Ընդ որում, խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մեր հարցին ի պատասխան, ասել էր, որ խնդիրը զուտ տեխնիկական է: Ի դեպ, կառավարությունը Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը չէր վճարել, փոխարենը մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների դեպքում նման խնդիր չէր եղել, և այնտեղ բոլորը ստացել էին իրենց գումարը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանից հետաքրքրվեց՝ արդյոք խնդիրը կարգավորվել է, թե ոչ, սակայն բացասական պատասխան ստացավ: «Կա ձեռք բերված պայմանավորվածություն, որ հարցը շուտով կկարգավորվի: Խնդիր կա, սակայն դա զուտ տեխնիկական է»: Հարցին` խնդիրը կարգավորվելու դեպքում մի քանի ամսվա աշխատավարձներ են փոխանցվելու արդյոք, Ավագյանն ասաց, որ, ամեն դեպքում, պայմանավորվածությունն այդպիսին է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում