«Հայկական Ժամանակ». Նստվածքը մնալու է
...Համակարգային կոռուպցիան այն է, երբ իրավապահները «յուրայինների» հանցանքները չեն բացահայտում, կամ եթե բացահայտում էլ են ոչ թե հրապարակայնացնում են, այլ պետության առաջին դեմքի կաբինետում են որոշում' ինչ է տեղի ունեցել, ով է ում «քցել», ինչու վերևների «փայը» տեղ չի հասել, ով ինչքան պիտի «մուծվի», և այլն: Այսինքն համակարգային կոռուպցիան այն է, ինչին Հայաստանում ականատես ենք եղել տարիներ շարունակ, երբ գրեթե առանց բացառության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները դոլարային միլիոնատերեր էին, բայց պատասխանատվության ենթարկված ամենաերեւացող դեմքը Վազգեն Խաչիկյանն էր, իսկ ավելի բարձրաստիճանները շատ-շատ սուսուփուս ազատվում էին աշխատանքից՝ նախապես իրենց բիզնեսների կամ անշարժ գույքի մի մասը «ինքնակամ նվիրելով» այլ բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց ազգականներին:
Իհարկե այսօրվա Հայաստանում էլ կոռուպցիա կա, իհարկե բազմաթիվ «հին» պաշտոնյաներ չեն ցանկանում հրաժարվել նախկին սխեմաներից, «նորերի» մեջ էլ շատերը կլինեն, որ չեն դիմանա գայթակղությանը կամ արդեն չեն դիմացել (խոսքը Դավիթ Սանասարյանի մասին չէ՝ նրա դեպքում մեղադրանքները դեռ պիտի հաստատվեն կամ հերքվեն): Բայց, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում, «օրինականության մակարդակը երկրում որոշվում է ոչ թե գողերի առկայությամբ, այլ իշխանությունների՝ այդ գողու-թյունները բացահայտելու կարողությամբ»: Հայաստանի դեպքում' ոչ միայն կարողությամբ, այլեւ քաղաքական կամքով: Որովհետեւ իշխանությունների համար իրենց քաղաքական վարկանիշի տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար ու շահեկան կլիներ կոծկել այս գործը եւ հարցը լուծել «տնավարի» փակ դռների ետեւում, բայց եթե կոռուպցիայի դեմ պայքարը հռչակված է բացարձակ առաջնահերթություն, ուրեմն այդ հարցում որեւէ զիջում լինել չի կարող: Եթե անգամ դա հարվածում է քաղաքական թիմի վարկանիշին եւ քարոզչական հաղթաթղթեր է տալիս «ատամները սրած» հակառակորդներին:
Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե այս ամենը «ներիշխանական գզվռտոցի» արդյունք է, ապա նկատենք, որ իրականում որեւէ պետական համակարգ չի կարող առողջ լինել, եթե ներսում փոխադարձ վերահսկման եւ հակակշիռների մեխանիզմները չեն գործում: Այսօրվա Հայաստանում դրանք կարծես թե գործում են, եւ ԱԱԾ-ի ու ՊՎԾ-ի այս «առճակատումը» հենց դրա վկայությունն է: Պետությունը տվյալ դեպքում միայն մի գերխնդիր ունի' պիտի ապահովի, որ այդ կնճիռը հանգուցալուծվի բացառապես օրինականության շրջանակներում: Այնպես, որ հասարակության մեջ բացարձակապես որեւէ կասկած չլինի, որ հաղթել է արդարությունը: Անկախ նրանից, թե ինչ ազդեցություն ու կշիռ ունեն այս կամ այն պետական կառույցներն ու դրանց ղեկավարները:
Հայկական ժամանակ օրաթերթ