Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փակել թրաֆիքինգի օջախներ հանդիսացող մերսման սրահները
Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ նախագիծը նպատակաուղղված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և հանձնարարականների կատարմանը, մասնավորապես, ոլորտում երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը, և գործող համակարգի արդյունավետության բարձրացմանը:
Նախագծով առաջարկված փոփոխություններն ու լրացումներն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին:
«Փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, այլև կբարձրացնեն հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ՝ զոհերի, այդ թվում երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանությանն ուղղված միջոցառումներն արագ և արդյունավետ կազմակերպելու համար»,- նշեց Գեմաֆին Գասպարյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խնդրեց ավելի հստակ ներկայացնել, թե այս փոփոխությունն ի՞նչ է տալու:
Փոխնախարարը բերելով օրինակներ, նշեց, որ նախորդ տարի 8 անձի դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ երկու միջնորդություն է ստացվել, բայց երկուսը եղել են անչափահաս, նրանց չեն կարողացել փոխհատուցում տալ մինչև 18 տարեկան չդառնան: Հիմա, ըստ փոխնախարարի, փորձում են այդ բացը լրացնել, իսկ հաջորդ փոփոխությունը հատուկ կատեգորիայի երեխաների ուղղորդման մեխանիզմ ներդնելն է:
Արման Աբովյանն էլ ասաց, որ երեխաների թրաֆիքինգի համար պատիժն ու տույժերը պետք է ավելի խստացվեն՝ հազարապատկվեն:
«Իմ կարծիքով՝ շատ մեղմ է հայկական քրեական և վարչական օրենսդրությունն այս հարցում: Ինչքան հնարավոր է պետք է խստացվի»,- ասաց պատգամավորը
Նա նշեց, որ իրենց խմբակցությունն այս ուղղությամբ կաշխատի:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ուշադրություն հրավիրեց հանրապետությունում և հատկապես՝ Երևանում գործող մերսման սրահներին, որոնց գործունեությունը ուսումնասիրման կարիք ունի:
Մասնավորապես, նա անդրադարձավ սեռական շահագործմանն ու անկանոն աշխատանքային գրաֆիկին.«Մենք կարող ենք այս մերսման սրահները հիմնականում բնորոշել որպես թրաֆիքինգի օջախներ: Առաջարկում եմ, որ Ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը և հնարավորինս արագ փակել Երևանում գործող թրաֆիքինգի այդ կենտրոնները»:
Հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ թրաֆիքինգի զոհերի հետ կապված աջակցության գործընթացն իրականացնում է իրենց նախարարությունը, իսկ պաշտպանության գործընթացը՝ Ոստիկանությունը։
«2018 թ-ին 9 քրգործ է հարուցվել, որից 2-ը կարճվել է, 1-ը՝ վերաորակավորվել: Այդ 6 քրգործերից միայն 1-ն է սեռական շահագործման հիմքով եղել»,- նշեց Գեմաֆին Գասպարյանը: