Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի մերձակա քաղաքում ենթարկվել է ագրեսիվ ամբոխի հարձակմանը։
Եվրանյուզի հաղորդմամբ, քաղաքական գործիչը գնացել էր Չուբուկ գավառ՝ մասնակցելու թուրք զինվորականի հուղարկավորությանը, որը սպանվել էր քուրդ գրոհայինների հետ բախումների ժամանակ։ Սգո միջոցառումների ժամանակ մարդկանց խումբը հարձակվել է 71-ամյա Քըլըչդարօղլուի վրա, անվտանգությունը կարողացել է նրան մտցնել մոտակա տներից մեկը։
Ոտնձգությունները դրանով չեն սահմանափակվել, հավաքվածները սկսել են տան վրա քարեր նետել՝ կոչ անելով այրել այն, նաև ընդդեմ քուրդ անջատողականների և ազգայնական կարգախոսներ են հնչել, շատերը ցույց են տվել ծայրահեղ աջ «Գորշ գայլեր» շարժման ժեստը։ Պաշարված տան մոտ է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և կոչ է արել մարդկանց հանգստանալ ու ցրվել։
Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել, հաստատվել է առնվազն 6 հարձակվողի ինքնություն։ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն դատապարտել է հարձակումը։ Թուրքիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչները ևս հանդես են եկել կատարվածի դատապարտմամբ։ Տեղեկանալով հարձակման մասին ընդդիմության հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Ժողովրդա-հանրապետական կուսակցության շտաբ-բնակարանին հարակից հրապարակում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում