Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդներից բացի, աջակցություն կտրամադրվի ծանր վնասվածք ստացած 63 անձի
ԱԺ քննարկման է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։
Ըստ հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, աջակցություն ստանալու իրավունք ունի նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, ինչպես նաև այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:
«Ցավոք պետք է արձանագրեմ, որ նախկին իշխանության կողմից ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած։ Հարցումների ի պատասխան պատկան մարմիններից ստացել եմ տեղեկանք, որտեղ պարզ երևում է անարդար մոտեցումը։ Որոշ տուժածների տրվել է ֆինանսական աջակցություն, այն դեպքում, երբ մյուս տուժածները ստացել են զրո դրամ, դրանով իսկ տուժածներին բաժանելով յուրայինների և օտարների»,- ասաց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Լենա Նազարյանից հետաքրքրվեց, թե ինչպես են որոշելու, թե տուժածներից ո՞ւմ են աջակցություն տրամադրելու և ի՞նչ կարգի փոխհատուցման մասին է խոսքը, որ այն սիմվոլիկ գումարի չվերածվի։
«Նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, ինչպես նաև այն անձին, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս։ Այսինքն՝ տուժածների շրջանակը նախագծով սահմանված է և հստակ է։ Նաև ստացել ենք ՀՔԾ-ից տեղեկանք, որ ծանր և միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել է 63 անձ, այսինքն` նրանց ինքնությունը պարզ է»,- ներկայացրեց Նազարյանը։
Ինչ վերաբերում է գումարի չափին, նա ասաց, որ այս պահին չի կարող ասել և աջակցության տրամադրման ձևն էլ կարող է միայն ֆինանսական չլինել. «Կառավարությունում հենց վաղվանից քննարկվելու է այս հարցը»։
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ աջակցության տրամադրման հիմքը լինելու է դատաբժշկական եզրակացությունը, որը պետք է նախկինում ներկայացված լինի։
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին փոխհատուցելու մասին նախագծի քննարկումը հետաձգվեց
- Շրջանառության մեջ Է դրվել մարտի 1-2-ի դեպքերից տուժածներին փոխհատուցում տալու մասին նախագիծը