Երկրորդ արարի մեկնարկը
Հիշո՞ւմ եք ինչ պայծառ խոստումներով էր ողողվել Հայաստանը ուղիղ մեկ տարի առաջ: Առանձնապես բարձր էին հնչում գռփած փողերը հետ բերելու և ժողովրդին վերադարձնելու ականջահաճո խոստումները: Հավատ ընծայելով այդ խոսքերին, ժողովուրդն աջակցեց իշխանափոխությանը՝ կանաչ ճանապարհ տալով նորընծա իշխանություններին գրեթե բոլոր հարցերում, վստահելով նրան վերահսկողության բոլոր լծակները ևս: Հատկապես առաջին շրջանում «թալանչիներին» բռնել-բաց թողնելու և միլիոններ առգրավվելու անդադար նորությունների ֆոնին հասարակության մի հատվածը միամիտ սպասում էր, որ հիմա բյուջեն այնքան առատ հոսքեր կունենա, որ իրենց էլ մեծ բաժին կհասնի։ Դրամական շարժեր անշուշտ եղան, բայց միանշանակորեն դրանք չհոսեցին շարքային քաղաքացիների թոշակ-աշատավարձների հաշիվներին: Ավելին, հենց այդ էյֆորիկ հավատը թույլ տվեց քաղաքականության մեջ փորձ չունեցող երիտասարդ կառավարիչներին չափազանց արագ վարակվել ամենաթողության ախտով: Արդյունքում, մեկ տարի էլ չանցած, պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանք է առաջադրվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ով ի պաշտոնե պետք է պետական միջոցների անձեռնմխելիության համար 1 պաշտպանը լիներ:
«Գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել»... Հետհեղափոխական ընթացք է՝ իրար կբռնեն, կմեղադրեն, կեղտոտ սպիտակեղենը մարդամեջ կհանեն, նոր խմբեր կձևավորեն-հներին կզոհաբերեն... մարդկության պատմությունը լիքն է նման օրինակներով: Սա «թավշյա հեղափոխության» առաջին հանրայնացված դատափետումն է, հեղափոխության երկրորդ արարի մեկնարկը: Սեփական անկարողությունից ուշադրությունը շեղելու համար դեռ շատ ընկերներ ու համախոհներ կդատապարտվեն, քանի որ արդեն սպառվել է ձախողումները նախկինների մեղքերով արդարացնելու լիմիտը:
Անդրադառնանք Դավիթ Սանասարյանի ձերբակալման բազմաթիվ կողմերից միայն մեկին՝ խափանման միջոցին, որն է չհեռանալու մասին ստորագրությունը: Հետաքրքիր է, քննչական մարմինները մտավախություն չունե՞ն, որ նա ազատության մեջ լինելով կօգտագործի իր լծակները՝ քննությանը խոչընդոտելու նպատակով: Չէ որ ամեն դեպքում, մարդը մոտ մեկ տարի եղել է պետական ամենաազդեցիկ ծառայություններից մեկի ղեկավարը, զուգահեռաբեր հանդես գալով նաև որպես տարբեր համայնքներում ծագած կռիվների հաշտարարը (շատ խելք պետք չի հասկանալու համար, որ համայնքապետերին հրաժարականների դրդելիս նա խոսել է իր պաշտոնի դիրքերից): Մամուլում տարածված լուրերի համաձայն, Սանասարյանը նաև սորոսական թևի աջակցությունն է վայելում: Այսինքն՝ նա ունի քննությանը խոչընդոտելու անհամեմատ մեծ ու գործուն հնարավորություններ, քան տասը տարի առաջ մեծ քաղաքականությունից հեռացած Ռոբերտ Քոչարյանը, ում դեկտեմբերի 2018-ի 7-ից կալանքի տակ են պահում այն պատճառաբանությամբ, որ նա կարող է իր ազդեցիկ կապերն օգտագործելով խանգարել քննությանը:
«Ստացվում, որ վերջին շրջանում աղմկահարույց տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող պաշտոնյաների նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումը գործի քննության համար խոչընդոտ չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում՝ խոչընդոտ է»- մեջբերումը ապրիլի 22-ին Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմի տարածած հայտարարությունից է, որտեղ նրանք իրենց գնահատականն են ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ ՀՔԾ դիրքորոշման վերաբերյալ։ Փաստաբանների համոզմամբ, սա հաստատում է իրենց այն տեսակետը, թե «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի կիրառումը կրում է պատժիչ բնույթ»: Ստացվում է, որ Քոչարյանն իր անցյալով ավելի ազդեցի՞կ է, քան ներկա իշխանություններն՝ ի դեմս իրենց կարևոր դեմքերից մեկի: Եթե այդպես չէ, եթե հայտարարվում է արդարադատության գերակայություն, ապա ինչու են շարունակվում գործածվել բազմակի ստանդարտներ մեղադրյալների նկատմամբ: Եվ սա այն դեպքում, երբ Դավիթ Սանասարյանին առաջադրվող մեղադրանքներն այսօր ավելի մեծ հանրային հետաքրքրություն ունեն, քան տասնամյա վաղեմության ոխերը: Սա նոր հռչակված Հայաստանի խայտառակ բացահայտումների շղթայի սկիզբն է, իշխանական վերին օղակների ոչ կոմպետենտության դրսևորում, ամենթողության ցայտուն օրինակ, երբ չարաշահումներ է իրականացնում մարդ, ով ի պաշտոնե պետք է պայքարեր հենց չարաշահումների դեմ:
Ի դեպ, Դավիթ Սանասարյանի դեպքում շատերը հանկարծ սկսեցին տարփողել «անմեղության կանխավարկածի» մասին, ինչն իսպառ մոռացվել էր Ռոբերտ Քոչարյանի 9 ամիս ձգվող քաղաքական հետապնդման ժամանակ:
Լիա Իվանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին