Սանասարյանն իմ ընկերն է, բայց նոր Հայաստանում դա ազդեցություն չի կարող ունենալ. Միրզոյան
«Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց դա որևէ կապ չունի նոր Հայաստանում որևէ մեկի ընկերը լինել կամ չլինելը, դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության վրա»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցեին։
Լրագրողների հարցին, թե Սանասարյանին մեղադրանք առաջադրելը որքանո՞վ կազդի հեղափոխության վարկանիշի վրա, նա պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա»:
Դիտարկմանը՝ թե Սանասարյանն ասել է, որ գործը շինծու է, Միրզոյանը նշեց. «Նրա իրավունքն է պնդել։ Տեսականորեն որևէ պետական կառավարման օղակում, այդ թվում իրավապահ մարմինների որևէ աշխատող, միշտ կարող է անել ինչ-որ բան, որը չի համապատասխանում օրենքին: Ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր երկրներում: Դրա համար կան նախատեսված ընթացակարգեր»։
Սանասարյանին մեղադրանք առաջադրելու հարցին անդրադարձավ նաև ԱԺ փոխանախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «Այսօր Հայաստանում ունենք իրավապահ մարմիններ, որին վստահում են բոլորը: Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որևիցե բանի հետ կապված սխալ չի գործել, որևէ խնդիր չի լինի»։
Լրագրողի հարցին, եթե պարզվի, որ համապատասխանում է իրականությանը, որքանո՞վ այն կվնասի հեղափոխությանը, Սիմոնյանն ասաց. «Վնաս կտա, որովհետև ինձ համար շատ ցավալի կլինի: Չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև դա ինձ համար տհաճ թեմա է, դա իմ համար թեմա է»:
Լրագրողի դիտարկմանը «թե պառակտում կա, Դավիթ Սանասարյանի կողմնակիցների և Արթուր Վանեցյանի» ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Արթուր Վանեցյանը վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է, նա քաղաքական միավոր չէ: Կա պետություն և կա օրենսգիրք»:
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
- Թանդիլյան. Սանասարյանն այն քիչ ազնվագույն մարդկանցից է, ում հետ առնչություն եմ ունեցել. «Ազատություն»
- Նիկոլ Փաշինյան. Թողեք Սանասարյանի գործով նորմալ քննություն ընթանա
- Դավիթ Սանասարյան. Անգամ կարված ու շինծու գործի շրջանակներում նման բան չկա ու չի կարող լինել
- «Ժամանակ». Փաշինյանը շահագրգռված չէ Սանասարյանի գործին հանրային հնչեղություն տալով
- Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին
- ԱԱԾ. Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել