Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից. Փաշինյան
Հայաստանը պետք է դառնա բարձր որակավորմամբ աշխատուժով երկիր: Այս մասին այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդեն հայտարարել ենք՝ ՀՀ տնտեսության տեսլականը հետևյալն է, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի և տեխնոլոգիաները պետք է դառնան մեր երկրի տնտեսության շարժիչ ուժը»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության պատկերացումը նաև հետևյալն է, որ 10 տարվա արդյունքում Հայաստանի 10 կամ 20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն ՏՏ ոլորտի ընկերությունները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում, կամ՝ հանքարդյունաբերության ոլորտում:
Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանը պատկերացնում են որպես բարձր որակավորմամբ աշխատուժով երկիր. «Մեր պատկերացմամբ Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից: Այսինքն՝ աշխատաուժը պետք է ունենա բարձր որակավորում»:
Տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան էլ լինելու է կրթական համակարգը: Կրթության ոլորտում, ըստ Նիկոլ Փաշինյանի, անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, բարեփոխումներ և դրանց հիմնական իմաստը պետք է լինի այն, որ կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի ապահովել Հայաստանի ուսանողներին բարձր որակավորմամբ:
«Այն պահին, երբ նրանք կլքեն կրթական հաստատությունները, պետք է ունենան բարձր որակավորմամբ մասնագետի կարգավիճակ: Բացի այդ, հետազոտական աշխատանքը, գիտական աշխատանքը պետք է կրթության համակարգում մեծ տեղ զբաղեցնի»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձի խրախուսման քաղաքականություն, իսկ նման քաղաքականություն վարելու կարևորագույն գործիքներից մեկը Հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում՝ նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոսի: Այսպիսով, ըստ նրա, խրախուսում են բարձր աշխատավարձը, բարձր աշխատավարձի քաղաքականությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին:
Վարչապետը միաժամանակ նշեց, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով՝ նկատի ունեն ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում էականորեն կզարգանա բորսայական համակարգը, որտեղ նույնպես բարձր որակավորմամբ մասնագետներ կներգրավեն:
Նիկոլ Փաշինյանը ասաց նաև, որ համաձայն է՝ նույնիսկ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չի լինի Հայաստանի պոտենցիալ աշխատուժն ամբողջությամբ բերել նույն որակավորման:
«Մենք հասկանում ենք՝ այստեղ որոշակի շերտավորումն անխուսափելի է, և այդ շերտավորման բերած խնդիրները սպասարկելու առումով է, որ կառավարությունը որպես առաջնահերթություն հռչակել է գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները: Կարծում ենք, որ աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր և միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները