Մամիջանյան. Ուժեղ մարդիկ են, որովհետև որոշել են ՀՀԿ-ական դառնալ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն արդեն իշխանություն չէ
«Այստեղ հավաքված են այն մարդիկ, որոնք իշխանափոխությունից այս կողմ դիմել են կամ ցանկություն են հայտնել դառնալ Հանրապետական»,- ՀՀԿ գրասենյակում հանդիպմանն ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, իրենց միավորում է այն, որ իրենք շատ ուժեղ մարդիկ են, որովհետև որոշել են ՀՀԿ անդամ դառնալ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն արդեն իշխանություն չէ։
«Մեզ միավորում է այն, որ պետական կառավարման համար Գյումրիից Երևանը քայլելը հերիք չէ, պետք է նաև մի քիչ իմանալ։ Մեզ միավորում է այն, որ մենք համարում ենք, որ պետական աշխատանքի մարդիկ պետք է անցնեն իրենց ունակությունների շնորհիվ։ Մեզ միավորում է այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չենք պատկերացնում, որ վերելակում է լուծվելու»,- ասաց նա։
Հայկ Մամիջանյանը նշեց, որ այն բոլոր գործողությունները, որոնք միասին իրականացնելու են, անելու են ի շահ երկրի։
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ ՀՀԿ բոլոր գործողություններն այս կամ այն փուլում եղել են ի նպաստ երկրի։ Բնականաբար, հաշվի առնելով ձախողումները, այն թերացումները, որ մենք ունցել ենք, ՀՀԿ շատ թանկ գին է վճարել այդ սխալների համար։ Այդ գինն իշխանությունը կորցրելն է»,- նշեց նա։
Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ մինչև սեպտեմբեր տարբեր ոլորտներին վերաբերող մոտ 20 միջոցառում է նախատեսված, որոնք իրականացնելու են։