Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի»
ՀՀԿ գրասենյակում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց կուսակցության երիտասարդական թևը համալրելու համար դիմած երիտասարդներին։
Սերժ Սարգսյանը երիտասարդներին ասաց, որ նրանց շատ ասելիքներ ունի, բայց այժմ նրանց միայն շնորհավորելու է իրենց ցանկության համար՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով։
«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է պատրաստ է նա ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ բոլորին հաջողություն եմ մաղթում, ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի ղեկավար մարմինները, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր։
Որևէ ղեկավար կամ որևէ ընտրված մարդ չի կարող ուրիշներին, հակառակ իրենց ցանկության, մղել ակտիվ գործողությունների։ Յուրաքանչյուր կուսակցական իր ակտիվությամբ պետք է ստեղծի ընդհանուր ակտիվ շարժումը։ Վստահ եմ, որ ձեր տեղական կառույցները երբեք չեն խոչընդոտի ձեր ակտիվությանը։ Ուղղակի այդ ակտիվությունը պետք է ուղղված լինի մեր երկիրն ավելի լավը դարձնելուն, այդ ակտիվությունը լինի ընդհանուր հոսանքի մեջ, ընդհանուր ծրագրերի մեջ։
Ընդհանրապես, կուսակցությունից դուրս էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ակտիվություն են ցուցաբերում, բայց ինչպես հայտնի է, յուրաքանչյուրն իր ձևով է ակտիվանում։
Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ասաց Սերժ Սարգսյանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի դիտարկմանը, թե երիտասարդներն իրեն մեղադրում են, որ շուտ սկսեն ակտիվ գործողությունները, Սերժ Սարգսյանը նշեց. «Մեղադրանք չէ, երևի ցանկություն է, թե չէ մեղադրանք հիմա շատ է հնչում տարբեր մարդկանց բերաններից, չեմ կարծում որ մեր երիտասարդները պետք է մեղադրանք հնչեցնեն»։
ՀՀԿ նախագահը դիմեց ներկաներին՝ հարցնելով, թե իրեն որևէ բան ունե՞ն ասելու, ներկա աղջիկներից մեկն ասաց. «Վերադարձեք»:
Սերժ Սարգսյանն ասաց, որ նրանց շատ ասելիքներ չունի. «Կունենամ այն ժամանակ, երբ որ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ կամ կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»։
ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ երբ ժամանակը գա, բազում հարցերի կապատասխանի. «Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի»։
Հանդիպման ավարտին երիտասարդներից մեկը խնդրեց սելֆի անել Սերժ Սարգսյանի հետ։ Նա ասաց, թե «վերջերս մոդա է դարձել», Սերժ Սարգսյանն էլ արձագանքեց. «Մի քիչ այդ մոդայից հետ եմ ընկել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին