Ես չեմ հավատում՝ կրթություն, գիտելիք, հմտություն ունեցող մարդը չկարողանա աշխատանք գտնի Հայաստանում. վարչապետ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ արդյոք երաշխավորում են, որ տվյալ ֆակուլտետի շրջանավարտը ունի համապատասխան գիտելիք, հմտություն, կարողություն և կարող է լուծել կոնկրետ խնդիրներ:
«Ես տպավորություն ունեմ, որ բոլոր դեպքերում չէ, որ այդպես է: Ես չեմ հավատում, որ կրթություն, գիտելիք, հմտություն ունեցող մարդը չկարողանա աշխատանք գտնի: Եթե չի կարող գտնել, ապա` կարող է ստեղծել»,- ասաց վարչապետ՝ հավելելով, որ եթե նայեն աշխարհում հաջողակ մարդկանց պատմությունը, կտեսնենք, որ հենց այդ բանաձևն է աշխատում:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ կրթություն, գիտելիք ունեցող մարդը Հայաստանում աշխատանք չգտնի:
Վարչապետը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանին հարցրեց, թե արդյոք դիպլոմը ձեռքին դուրս եկող բոլոր մարդիկ ունեն պատշաճ կրթություն, գիտելիք, հմտություններ, ինչին ի պատասխան դեկան Հայկ Սարգսյանը խոստովանեց, որ իրենց շրջանավարտները չեն բավարարում այդ երեք պահանջներին:
«Ունենք շատ լավ ուսանողներ, որոնք կրթությունը շարունակում են լավագույն համալսարաններում՝ Հարվարդում, եվրոպական համալսարաններում, բայց մեր ակադեմիական կրթությունը դեռևս թույլ չի տալիս ունենալ լավ հմտություններ: Պատճառը պրակտիկայի, մի շարք կոմպոնենտների բացակայությունն է»,- ընդգծեց դեկանը:
Խոսելով բուհից աշխատաշուկա մտնելու մասին, վարչապետը նշեց, որ օրեր առաջ պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, և իրեն ամենաշատ տպավորած հարցերից մեկը վերաբերել է հենց վերոնշյալ խնդրին:
«Օգտատերերից մեկը գրել էր՝ 22 տարեկան եմ, ուզում եմ աշխատել, բայց ինձնից պահանջում են բարձրագույն կրթություն, երեք տարվա աշխատանքային ստաժ և երեք օտար լեզուների իմացություն: Առաջին հայացքից կարող է թվալ՝ աբսուրդ է, բայց եթե նայում ենք ժամանակակից չափանիշների տրամաբանությունից, մեր խնդիրը պետք է հենց դա լինի, որ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կամ առնվազն քաղաքացիների մի մասը, կամ առնվազն իգական սեռի ներկայացուցիչները, որոնք ժամկետային զինվորական ծառայություն չեն անցնում, 22 տարեկանում, այո՛, պետք է ունենան բարձրագույն կրթություն, երեք լեզու պետք է իմանա և երեք տարվա մասնագիտական ստաժ ունենա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ անընդհատ ուզում են աշխատանքային չափանիշները հարմարեցնել իրենց, բայց ոչ թե հարմարվի աշխատաշուկայում գոյություն ունեցող պահանջարկին:
Հարակից հրապարակումներ`
- «Սա թատրոն չէ». տնտեսագետները ցանկանում են, որ վարչապետն իրենց առաջ խնդիր դնի
- Ուր կորավ աշխատասեր հայ ժողովուրդը
- Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները