Ջրի պատճառով Բերդի բժշկական կենտրոն 30 մարդ է տեղափոխվել
Տավուշի մարզի Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզպետարանի և մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ։
Կազմակերպված բակային ակտիվ համայցերի արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակներին բնորոշ գանգատներով անձինք։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօրվա դրությամբ Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 30 հիվանդ, որից 24-ը երեխաներ են։ Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպված բուժման արդյունքում բոլորն ունեն առողջացման դրական տեղաշարժ։
Հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտություններում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ` շիգելլա զոննե։ Համայնքի մանկական կրթական հաստատություններում աղիքային վարակների արձանագրումը կանխելու նպատակով բժշկական հսկողություն է սահմանվել դպրոցի աշակերտների և մանկապարտեզի սաների նկատմամբ։
Հիվանդների տնային օջախներում, ինչպես նաև մանկական հաստատություններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։
Համայնքի ջրագծից վերցված ջրի նմուշներում արձանագրվել են շեղումներ' ինչպես քիմիական, այնպես էլ մանրէաբանական ցուցանիշներով։ Ջրագծի շահագործումը դադարեցվելու է մինչ անհրաժեշտ աշխատանքների ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների ապահովումը։
Հիշեցնենք, որ լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում գանգատներով բնակիչները հիվանդանոց սկսել են դիմել ապրիլի 16-ից։
Հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ հիվանդների մեծամասնությունն օգտվում է միևնույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում՝ չկա սանիտարապաշտպանիչ գոտի, խախտված է կառույցի հերմետիկությունը, կապտաժի շրջակայքում անձրևներից առաջացած ջրափոսերն աղտոտված են կենդանիների արտաթորանքներով: Ստացված տվյալների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը կապտաժի և ջրատարի աղտոտումն է: