Զելենսկուն հրավիրել են Ղրիմ
Ղրիմի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը հայտարարել է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է այցելել «ռուսական Ղրիմ»։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։
Գեմպելը հույս է հայտնել, որ Զելենսկին կգիտակցի ակնհայտը և կկարողանա հասկանալ ու ընդունել ղրիմցիների՝ 5 տարի առաջ Ռուսաստանի օգտին արված Ղրիմի ընտրությունը:
«Ռուսական Ղրիմը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են այստեղ գալ խաղաղությամբ ու տեսնել, թե ինչ տեմպերով է զարգանում տարածաշրջանը»,- ասել է Գեմպելը:
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, բայց չպետք է հուսալ, որ երկրի ղեկավարության քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ կլինեն:
«Ուկրաինացի էլիտաները վայելելու են նոր պետության ղեկավարի անփորձությունը»,-ասել է Գեմպելը:
Հիշեցնենք, որ 2014 թ.-ի մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որից հետո թերակղզին միացավ Ռուսաստանին։ Ուկրաինայի իշխանությունները չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները: