Ջավախքում բացվել է 3-րդ Արմաթը «Դամալայի օր» տոնախմբության շրջանակներում
Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում, տեղի է ունեցել Վրաստանում 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել, որ ՋԱՀ-ն այսօր դարձել է համաջավախքյան հարթակ, որտեղ բոլոր ջավախքցիները կարող են համախմբել իրենց ուժերը և նպաստել Ջավախքի զարգացմանը: Ջավախքում սկսվել է «Արմաթ» լաբորատորիաների բացման ակտիվություն, և ՋԱՀ-ը ծրագրում է մինչեւ 2020 թվականի ավարատը 20 լաբորատորիա հիմնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Ս. Սահակյանը նշել է, որ ՋԱՀ-ի կողմից վրացերեն է թարգմանվել ԱրՄաթի կրթական ծրագիրը և պատրաստակամություն է հայտնել օգնել Վրաստանին, որպեսզի լաբորատորիաների փորձը ներառվի նաև Վրաստանի դպրոցներում:
Ջավախքի ընդհանուր փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը հոգևորականների հետ միասին օրհնության կարգ է կատարել նորաբաց կենտրոնում, որից հետո հյուրերը ծանոթացել են Դամալայի ԱրՄաթի հնարավորություններին, Ախալքալաքի և Նինոծմինդայի Արմաթների սաների աշխատանքներին: Այնուհետև տեղի է ունեցել գյուղի պարարվեստի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
«Աշխարհում այս լաբորատորիան թվով 265-րդն է, և այժմ աշխատանքներ են ընթանում 6 երկրների հետ, որպեսզի այդ երկրներում ևս արտահանվի հայկական բրենդը և բացվեն լաբորատորիաներ»,- նշել է «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։
Դամալայի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան թվով երրորդն է Ջավախքում։ Առաջին ԱրՄաթը բացվել է Ախալքալաք քաղաքում, իսկ երկրորդը՝ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Հաջորդ ինժեներական լաբորատորիան նախատեսվում է հիմնել Ախալցխայում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան