Մարիխուանայի օրինականացման միջոցառման հեղինակը Նիկոլայ Բաղդասարյանի հարազատ եղբայրն է
Ազատության հրապարակում ապրիլի 20-ին մարիխուանան ապաքրեականացնելուն, օրինականացնելուն ուղղված միջոցառման հեղինակներից մեկն էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարազատ եղբայրն է։
Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց, իր ազգականներն ու հարազատներն ազատ են արտահայտելու իրենց ցանկացած կարծիք, չի ուզում, որ դրանք նույնականացվեն իր հետ։
Բաղդասարյանի խոսքով, այդ թեմայի հետ կապված ինքը չեզոք է ու հեռու, քարոզին էլ դեմ է։
«Մեր ընտանիքը բավականին մեծ է։ Մեկը հարում է այլ տեսակետի, մաման լրիվ այլ տեսակետի, ոչ միայն այդ հարցով, նաև քաղաքական հարցերով։ Շատ դժվար է մեր ընտանիքում մի կարծիքի բերել բոլորին։ Ամեն մեկն իր կարծիքն ունի»,-ասաց նա։
Եթե գաղափարն օրենսդրական նախաձեռնության տեսքով բերվի խորհրդարան, ապա Բաղդասարյանն այս պահին չգիտի, ինչպես է քվեարկելու, կարծում է, թեման պետք է խոր ուսումնասիրվի։
«Ընկերներ ունեմ, ովքեր օգտագործում են, պայքարում են օրինականացման համար, ընկերներ էլ ունեմ, որոնք չեն օգտագործում, դեմ են»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ ինքը չի օգտագործում մարիխուանա, նույնիսկ ծխախոտ չի ծխում, իր ընտանիքում անգամ ծխախոտին են դեմ։
Նույն խմբակցությունից, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց. «Կարծում եմ մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է»։
Ակցիային հետևած ԲԴԽ անդամ Գևորգ Դանիեյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր.
«Քչերը կկարողանային ոստիկանության սպայի նման համբերատար ու կիրթ խոսել Սուրբ Զատկի տոնին՝ մարիխուանայի գովազդով զբաղված հավաքի մասնակիցների հետ. ինձ հաճելիորեն ապշեցրեց երեխայի իրավունքների առաջնահերթության մասին սահմանադրական հիմնադրույթի առնչությամբ ոստիկանի իրազեկվածությունը, ինչի մասին շատ իրավասու անձինք տարրական պատկերացում չունեն:
Տղեք, սթափվե՛ք, մի սահմանափակվեք մարիխուանայի վտանգի աստիճանը մեզ պրիմիտիվ հնարքներով բացատրելով: Դուք փորձեք հասկանալ, որ մարիխուանան լավագույն ուղիներից մեկն է հենց ձեր հարազատ մարդկանց և, վերջին հաշվով, հասարակության ողնաշարը կոտրելու համար. մարիխուանան միայն սկիզբն է, այն առանց շարունակության չի լինում: Ձեր ենթադրյալ ու իրական իրավունքներն առնվազն ստորադասվում են երեխաների իրավունքներին, իսկ ձեր հավաքի մեխը հանդիսացող սոցիալական գովազդ բովանդակող պաստառներն արգելված են մի քանի հիմնարար օրենքներով ...»։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նշել են Մարիխուանայի միջազգային օրը: Երիտասարդների ձեռքին եղել են պաստառներ. «Մարիխուանան մարդուն վատը չի դարձնում, իսկ կալանավայրը՝ այո», «Իրազեկվիր նախքան քննադատելը»: