Կիրո Մանոյան. Այսօր արաբական որոշ երկրներում սկսել են խոսել Հայոց ցեղասպանության մասին
«Նախորդ և այս կառավարությունների բացթողումն այն է, որ իրենց ծրագրերում չունեին Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում հասկացությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, չի կարելի 100 տարի անց խոսել ընդամենը ճանաչման, դատապարտման մասին։
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված Համահայական հռչակագրով ուրվագծվեց այն ընդհանուր պահանջների շրջանակը, որ ունի հայությունը, դրանից բացի անհրաժեշտ է, որպեսզի այդ ուրվագծումն ունենա իր շարունակությունը, մանրամասն թղթածրար պատրաստվի։ Աշխատանքը սկսվել է, սակայն բավարար թափով չի շարունակվել, այսօր էլ չի շարունակվում»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը։
Կ. Մանոյանի խոսքով, այսօր Հայոց ցեղասպանության փաստը ոչ մի լուրջ պետական կառույցի կողմից չի վիճարկվում, նույնիսկ կարելի է ասել, որ Թուրքիան չի վիճարկում։
«Որակումը վիճարկում են, այսինքն՝ Ցեղասպանություն չի համարվում, բայց պետության կողմից հայությունը տեղահանվեց, դրա ընթացքում նաև կոտորածների ենթարկվեց, ոչ մի պետություն էլ չի վիճարկում։ Եթե կան մի քանի պետություններ, որոնք մերժում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացառապես անում են Թուրքիային չանհանգստացնելու համար»,- ասաց նա։
Կիրո Մանոյանի խոսքով, այսօր որոշ այլ շրջանակներ սկսել են խոսել Հայոց ցեղասպանության մասին, հատկապես արաբական որոշ երկրներում որոշ քաղաքական ուժեր սկսել են բարձրաձայնել այս փաստը։
Ի՞նչ սպասել այս տարի ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձից։ ՀՅԴ-ական գործիչը չգիտի, թե ինչ կասի, հատկապես, նրա խոսքով, Թրամփի պարագայում կանխագուշակելը բավականին դժվար է։
Իսկ ի՞նչ ակնկալել Թուրքիայից հարցին՝ ի պատասխան Կ. Մանոյանն ասաց. «Ոչ միայն Ցեղասապանության ճանաչման հարցով, ընդհանրապես Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցով մոտ ապագայում լավատես լինելու հիմք չկա։ Տարբեր պատճառներով՝ Ադրբեջանի հետ հարաբեություններ և այլն, Թուրքիան մերժում է Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, և հիմք չկա կարծելու, որ մոտ ապագայում դա կդառնա օրակարգային հարց կամ առաջնահերթությունների հարց, քանի որ բազմաթիվ այլ խնդիրներ ունեն, շահագրգռված չեն այս հարցով զբացվել»։
Նա նշեց, որ պետք է շարունակել Թուրքիայի հասարակության հետ աշխատանքները Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, այսօրվա հաղորդակցության միջոցները տալիս են այդ հնարավորությունը։
Հարակից հրապարակումներ`
- Սաֆրաստյան. Թուրքիայում հաստատված վախի մթնոլորտն անդրադառնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտացի խոսքի վրա
- Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը
- Ֆրանսիայի վարչապետը կներկայացնի Ֆրանսիան՝ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատական միջոցառմանը
- Մոնրեալում ապրիլի 24-ին հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակման օր
- Իսպանիայի Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
- Իտալիայի Լացիոն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
- Հայաստանում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանությունը պետք է անվանի ցեղասպանություն