Կարևորվել են Հայոց եղեռնի ճանաչման գործընթացն ու ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը
ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը այսօր հանդիպել է Իրաքյան Քուրդիստանից ժամանած պատվիրակության հետ: ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հյուրերը Հայաստանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաքելությամբ:
Ռուստամ Բաքոյանը կարևորել է Հայոց եղեռնի ճանաչման գործընթացը և ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը: Պատգամավորը նշել է, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և դրա դեմ պայքարը պետք է սկսել ամենաստորին մակարդակներից` չթողնելով, որ ատելությունն ու անհանդուրժողականությունը արմատավորվեն հասարակություններում:
Ռուստամ Բաքոյանն անդրադարձ է կատարել Իրաքի Սինջար նահանգում տեղի ունեցած եզդիների ցեղասպանությանը՝ պատվիրակության անդամներին հորդորելով իրենց հերթին քայլեր ձեռնարկել` բացառելու Իրաքում եզդիների հանդեպ խտրականությունն ու անհանդուրժողականությունը:
Պատվիրակության ղեկավար Ռամիկ Ռամազան Կադիրը, ով Քուրդիստանի Չամչամալի քաղաքապետն է, խոսել է 1988 թվականին Սամադ Հուսեինի կողմից Իրաքյան Քուրդիստանում իրականացված «Անֆալ» օպերացիայի մասին, որի հետևանքով շուրջ 50.000 մարդ է ցեղասպանվել:
Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ քայլեր իրականացնել ցեղասպանությունների դեմ պայքարում: