Դավիթ Սանասարյան. Հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ
Մեղադրյալի կարգավիճակ ունեցող Դավիթ Սանասարյանն ուղերձ է հղել իր ղեկավարած պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներին։
«Ուղերձս ՊՎԾ աշխատակիցներին
Սիրելի թիմակիցներ, կոռուպցիայի դեմ պայքարող իմ զինակիցներ,
Գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով։ Սակայն խնդրանքս է. երբեք չվարանեք, մի վայրկյան անգամ չմտածեք, որ ձեր արած գործն իզուր է. չմոռանաք, որ նաև ՊՎԾ-ի աշխատանքների արդյունավետությունից է կախված Նոր Հայաստանի հիմքերի ամրապնդումը։
Հիշեք, որ Դուք վարչապետի ներկայացուցիչներն եք պետական մարմիններում, արեք հնարավորինս, որ ձեր ներկայությամբ կանխարգելեք հնարավոր ապօրինությունները, արեք այնպես որ առաջիկայում ՊՎԾ լիազորությունների իրացման անհրաժեշտությունը նվազի։
Հարգելիներս, կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ, և ես, հավանաբար, նորից կմիանամ պայքարի այս ճամփին։ Սակայն իմ հետ, թե առանց ինձ՝ մնացեք ձեր գործի նվիրյալը...
Հիշեք՝ կամավորի սրտից ուժեղ ոչինչ չկա. պետությունը ձեր պես կամավորների կարիքն ունի։
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ ու վստահ եմ, որ նույն գնահատանքին արժանանալու եք մեր ժողովրդի կողմից»։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։
Սանասարյանն այդ մեղադրանքը շինծու է որակել։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանի կինը պաշտոնատար անձանց մեղադրում է անմեղության կանխավարկածը խախտելու համար
- Սանասարյանն իմ ընկերն է, բայց նոր Հայաստանում դա ազդեցություն չի կարող ունենալ. Միրզոյան
- Թանդիլյան. Սանասարյանն այն քիչ ազնվագույն մարդկանցից է, ում հետ առնչություն եմ ունեցել. «Ազատություն»
- Նիկոլ Փաշինյան. Թողեք Սանասարյանի գործով նորմալ քննություն ընթանա
- Դավիթ Սանասարյան. Անգամ կարված ու շինծու գործի շրջանակներում նման բան չկա ու չի կարող լինել
- Վլադիմիր Կարապետյան. Վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին
- «Սասնա Ծռեր». Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է
- ԱԱԾ. Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ. Դավիթ Սանասարյան