Դատարանը պարտավորեցրել է Ոստիկանությանը քրգործ հարուցել Ամուլսարի ճանապարհները փակած ցուցարարների դեմ
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պարտավորեցրել է Ոստիկանությանը քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ։
«2018թ. հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը բողոք էր ներկայացրել Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժին` Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Ոստիկանությունը և դատախազությունը մերժել էին դիմումը, որի հետևանքով 2018թ. սեպտեմբերի 30-ին Լիդիանը դիմել էր ՀՀ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարան՝ Ոստիկանության որոշումը վերանայելու պահանջով: 2018թ. հունվարի 18-ին դատարանը բավարարել էր Լիդիանի դիմումը՝ արձանագրելով, որ Ոստիկանությունը պարտավոր էր քրեական գործ հարուցել՝ հիմք ընդունելով առերևույթ իրավախախտումները:
Ս.թ. ապրիլի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է առաջին ատյանի դատարանի որոշումը վերանայելու մասին Վայոց Ձորի դատախազության դիմումը՝ ուժի մեջ թողնելով դատարանի որոշումը:
Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում կարող է բողոքարկել այն ՀՀ վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարան չդիմելու կամ դատարանի կողմից բողոքը մերժելու դեպքում, ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կմնա ուժի մեջ և դատախազությունը պարտավոր կլինի քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի խուլիգանության և ինքնիրավչության հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշներով:
Լիդիանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն այս առիթով ասել է, - «Լիդիանի դեմ ուղղված բոլոր անօրինական գործողություններն ու անգործությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային օրենքների խախտում են: Դատարանների վերջին որոշումները հաստատում են Լիդիանի դիրքորոշումը կապված ճանապարհների անօրինական շրջափակման հետ, ինչի հետևանքով Լիդիանը զրկվել է գործունեություն ծավալելու իր օրինական իրավունքից: Հուսով ենք, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ կհետևեն դատարանի որոշումներին, կհարուցեն քրեական գործը և կհատուցեն ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանին պատճառված վնասը: Մենք վստահ ենք, որ օրենքի գերակայության վերականգնումը բխում է ոչ միայն Լիդիանի, նրա բաժնետերերի, վարկատուների, աշխատակիցների և հարակից համայնքների, այլ նաև Հայաստանի շահերից»:
Լիդիանը իրավունք է վերապահում լիովին օգտվել հայաստանյան և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավական պաշտպանության միջոցներից՝ բոլոր վեճերի լուծման հարցում»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ պարզաբանումը` Ամուլսարում նշանակված համալիր փորձաքննության վերաբերալ
- Դատարանը պարտավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք
- Դատարանն այսօր կքննի «Լիդիան»-ի հայցն ընդդեմ տեսչական մարմնի
- Եթե «Լիդիան Արմենիան» դիմի արբիտրաժ և հաղթի, «ներդրումներ խրախուսող» կառավարությունից ՀՀ բյուջեի 50%-ի չափով փոխհատուցում կստանա. Ա. Հովհաննիսյան