Կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ. Մակունց
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության այսօր անցկացրած փակ նիստի ընթացքում որոշվել է ստեղծել քննիչ հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն հանքարդյունաբերության, ջրօգտագործման և էլի մի քանի ոլորտների հետ կապված հարցերով։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Լրագրողների դիտարկմանը, թե վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտողություն էր արել՝ ասելով, որ խորհրդարանը լիարժեքորեն չի օգտագործում իր վերահսկողական գործառույթը, Մակունցը պատասխանեց. «Մենք իրականում ինտենսիվ ինտենսիվ աշխատում ենք։ Մինչ վարչապետի ասելն էլ մենք պլանավորում էինք սա, վարչապետն էլ տեղյակ է եղել, պարզապես առաջնահերթությունները պետք է սահմանեինք։ Իրականում ես համաձայն եմ, որ այն ներուժը և այն գործիքները, որ ունի Ազգային ժողովը, պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել։ Վերահսկողական գործիքները մեզ հնարավորություն են տալիս հաջողություններ գրանցել»։
Ինչ վերաբերում է Քաղաքացու օրվան, նա տեղեկացրեց, որ ապրիլի 27-ին ինքը կլինի ՀՀ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ։
Նա նաև հավելեց, որ լինելու են մարզային քննարկումներ, որոնց կմասնակցեն մարզի բնակիչները։