Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով ապացուցման բեռը դրվեց պատասխանող կողմի վրա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Աիդա Դավթյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին։
Պատասխանող կողմի ներկայացուցիչը նիստում հայտարարեց. «Կարծում եմ, նախնական դատական նիստի համար իմ պարտականությունները, այն է բացահայտել փաստերը, որոնց համար պետք է ներկայացվեն ապացույցները, կատարել եմ։ Կարծում եմ, այս դրվագով ավելացնելու բան չունեմ»։
Հայցվոր կողմը պնդեց, երբ տեղի է ունեցել ասուլիսը ու Վանեցյանը խոսել է Սեդրակ Քոչարյանի մասին, այդ պահին որևէ մեղադրանք նրան առաջադրված չի եղել։
Քոչարյանի փաստաբան Անի Ալավերդյանը որպես ապացույց դատարանին ու պատասխանող կողմին փոխանցեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ճեպազրույցի սղագրությունը։
Պատասխանող կողմն ասաց, ներկայացնելու լրացուցիչ որևէ ապացույցներ չունեն։ Հայցվոր կողմը պնդեց՝ ապացուցման բեռը ընկնում է պատասխանող կողմի վրա։ Պատասխանող կողմն էլ հակադարձեց՝ մենք պե՞տք է ապացուցենք, որ արատավորում են այդ տեղեկությունները։
«Մենք իհարկե կհիմնավորենք, որ արատավորման որևէ խնդիր չկա։ Բայց ես կարծում եմ, որ այս պարագայում հայցվորը պետք է ապացուցի, որ տեղեկություններն արատավորող են, ունեն բացասական ազդեցություն, ուղղված են իր դեմ, իսկ պատասխանողը պետք է ապացուցի, որ հրապարակված տեղեկություններն իրական են»,-ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչը։
Դատարանը որոշեց, որ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նախորդ տարվա սեպտեմբերի 11-ի ասուլիսում Արթուր Վանեցյանի հայտարարություններն չեն արատավորում Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, չեն հանդիսանում զրպարտություն։
Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի ընդդեմ Արթուր Գագիկի Վանեցյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջով հայցադիմում էր ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը
- Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի դատական նիստը հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան