Թուրքական դրոշի «պատիվը»
Զատիկն անցանք, էլի հասանք թուրքական դրոշին։ Ամեն տարի գտնվում են մարդիկ, որ վրդովվում են թուրքական դրոշը այրելու փաստից, որոշում են բարոյախրատական ու էվոլյուցիոն գրառումներ անել սոցցանցերում։
Իբր՝ վայրենություն է։ Հայոց ցեղասպանությունը վայրենությո՞ւն չէր։ Ու, ի բողոք հազարավոր ու միլիոնավոր մարդկանց այրելու, ամեն տարի մի թուրքական դրոշ այրելը շատ եք համարու՞մ։
Կամ գրում են՝ ովքեր թուրքական դրոշ են այրում, թուրքական շորեր են հագնում։ Ու նման գրառումների տակ էլ հանդիպում ես՝ «100 տոկոս» մեկնաբանության։ Ինչը 100 տոկոս։ Այսինքն դուք, որ չեք այրում դրոշը ու միասնականության երթին չեք մասնակցում, թուրքական հագուստ չե՞ք կրում։ Տարիներով իշխանությունների ապաշնորհ տնտեսական քաղաքականության պատճառով երկիրը ողողված է թուրքական հագուստով։ Ու եթե ուզում եք թուրքականը չհագնել, պիտի անպայման ժամանակ ու լրացուցիչ փող ծախսեք։ Իսկ ի՞նչ կապ ունի ժամանակն ու փողը թուրքական դրոշ այրելու հետ։
Այդ ի՞նչ կապեր եք գտնում, որ քննադատի կեցվածքով Ցեղասպանություն չընդունող ու ներում չխնդրող թուրքական դրոշի այրումը մերժեք։
Ամաչու՞մ եք դրոշ այրողի կերպարից։ Իսկ չե՞ք ամաչում ապրել կուլ տալով ամբողջ հայ ազգի ոչնչացման սարսափելի քաղաքականությունը մոռացած, սուս կացած։ Մի հատ էլ թաթերիդ կանգնեք, որ հասնեք թուրքերի «քաղաքակիրթ» մակարդակին։
Այրո՞ւմ են դրոշը։ Լավ են անում։
Անահիտ Ոսկանյան