Վարդերես Աթանեսյանի՝ աքսորի ընթացքում պատրաստած ուլունքաշար-համրիչը 99 մտավորականների անունների փորագրությամբ
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կգործի «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրություն: Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի մեծանուն մտավորականներ Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ից հայտնում են, որ ցուցադրության նպատակը Հայոց ցեղասպանության պատմության հետ վերջիններիս ունեցած առնչությունների հանրահռչակումն է: Ցուցադրությունն ունի բովանդակային երկու հիմնական ուղղվածություն. մի կողմից լուսաբանվում են երկու մեծությունների բարեկամական ու ստեղծագործական առնչությունները, մյուս կողմից՝ առավել շեշտադրված՝ Հայոց ցեղասպանության ու դրա ծանր հետևանքների հետ ունեցած վերջիններիս անմիջական կապը:
Ութ խորագրերից կազմված երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են ինչպես «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, այնպես էլ ՀՀ տարբեր արխիվների ու թանգարանների ֆոնդերում պահվող բնօրինակ նյութեր, բացառիկ կադրեր: Առաջին անգամ ցուցադրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած բիթլիսցի Աղավնի Մկրտչյանի տեսաձայնագրությունից հատված Հովհաննես Թումանյանի՝ 1915 թ. Էջմիածնում գաղթականներին օգնություն կազմակերպելու մասին:
Ներկայացված բացառիկ բնօրինակ նյութերի մեջ առանձնահատուկ է 1915 թ. ապրիլի 11/24-ին Չանկըրը աքսորված և սպանված մտավորականներից Վարդերես Աթանեսյանի՝ աքսորի ընթացքում պատրաստած և մեզ հասած ուլունքաշար-համրիչը՝ բախտակից աքսորյալ 99 մտավորականների անունների փորագրությամբ, ի դեպ՝ առաջին հատիկի վրա Կոմիտաս Վարդապետի անունն է:
Ցուցադրությունն ուղեկցվելու է Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Կոմիտասի համանուն անավարտ օպերայի երաժշտությամբ՝ Արաքս Մանսուրյանի կատարմամբ: Ներկայացված են նաև հայ մեծանուն նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ «Կոմիտաս» շարքից մի քանի էսքիզներ:
Ցուցադրության բացումից հետո Հիշողության պուրակում տեղի կունենա եղևնիներ տնկելու հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանների:
Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը, մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին