Գևորգ Դանիելյան. Նախնիների ոճրագործությունը ժխտող ոսոխից խաղաղություն չեն աղերսում, այլ պարտադրում են
Բարձրագույն դատական խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը պնդում է, ցանկացած հանցագործություն, որպես այդպիսին է ճանաչվում հենց դատավճռով, ինչը Հայոց Եղեռնի պարագայում առկա է։ Մինչդեռ հայկական կողմը շարունակում է շարժվել Թուրքիայի թելադրած օրակարգով։
«Հայոց Եղեռնն առնվազն ինձ, իմ երեխաների ու թոռների համար միայն մի խորհուրդ ունի՝ իր նախնիների ոճրագործությունը ժխտող և գրեթե նույն հոգեբանությամբ ղեկավարվող ոսոխից խաղաղություն չեն աղերսում, այլ պարտադրում են:
1915 թ., դրանից առաջ և, ցավոք, նաև հետո էլ են աղերսել, հավատացել, փորձել են ոսոխին իբր անտեղի չզայրացնել, դատապարտել են սակավաթիվ «կարճատես ըմբոստներին», իսկ արդյունքում անչափ թանկ ենք վճարել:
Մենք թուրքերի թելադրած օրակարգով շարունակում ենք ելակետ ընդունել այն, որ «աշխարհն» ընդունում է Հայոց Եղեռնը, մինչդեռ՝ Թուրքիան դեռ ժխտում է: Համոզված եմ, որ շատերը պարզապես տեղյակ չեն, որ հենց թուրքական դատարաններն են առաջինը դատավճիռներով հաստատել, որ իշխանական ու կուսակցական վերնախավի գաղտնի նախաձեռնությամբ տեղի են ունեցել էթնիկական շարժառիթներով թելադրված զանգվածային սպանդ, մարդկանց անխուսափելի մահվան դատապարտող տեղահանումներ և այլն: Իհարկե, 30-ականների սկզբներին դատավճիռ արձակած բոլոր դատավորներին կախաղան են բարձրացրել, սակայն դատավճիռները երբեք չեն բեկանվել:
Ցանկացած հանցագործություն, որպես այդպիսին է ճանաչվում հենց դատավճռով, ինչը Հայոց Եղեռնի պարագայում առկա է՝ մի քանի տասնյակի հասնող դատավճիռների տեսքով: Դրանք, ցավոք, այսօր թուրքական օրակարգով մոռացության են մատնված, իրենց կառավարությունն էլ ժխտում է, «մոռանալով», որ դա բնավ գործադիր իշխանության խնդիր չէ, իրենք առնվազն չեն կարող անտեսել իրենց ազգային դատարանների դատավճիռները:
Ամենակարևորը՝ «Հայոց Եղեռնը» պատմականորեն ձևավորված և ճանաչված ինքնուրույն, եզակի եզրույթ է և խորհրդանշում է հենց ցեղասպանությունը, ինչպես և «Հոլոքոստը», ուստի բացարձակապես անհրաժեշտություն չկա, որ այն անվանվի հենց «ցեղասպանություն»:
Ընդ որում, իրավական հենքով բացարձակապես չի տարբերվում Հոլոքոստից, քանի որ երկուսն էլ հաստատվել են դատական ակտերով (Հոլոքոստը Նյուրենբերգյան դատավարությամբ) և երկուսն էլ տեղի են ունեցել մինչև ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիան ուժի մեջ մտնելը, ընդ որում, Հայոց Եղեռնը որոշակի դրսևորումներով շարունակվել է նաև հետագայում:
Պարզապես, Հոլոքստի դեպքում հիմք է ընդունվում միջազգային դատարանի դատական ակտը, իսկ Հայոց Եղեռնի պարագայում դեռ նախապատվությունը տրվում է զուտ քաղաքական գործընթացներին՝ խորհրդարանների բանաձևերի, ուղերձների տեսքով ...»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։